
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է, որ 60 տարի առաջ հունվարի 22-ին ստորագրվել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ բարեկամության պայմանագիրը, հայտնի որպես Ելիսեյան պայմանագիր, որը ըստ դեսպանատան՝ առանցքային դեր է ունեցել երկու երկրները միավորող ամուր բարեկամության գործում: Ելիսեյան պայմանագրի 60-ամյակի կապակցությամբ Փարիզ է այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Փարիզում նա հայտարարել է, որ ամուր կապերի պահպանումը առանցքային է: «Ապագան, ինչպես անցյալը, կախված է մեր երկրների գործակցությունից՝ որպես միասնական Եվրոպայի շարժիչ ուժ», Փարիզում հայտարարել է Շոլցը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է լինեն Եվրոպայի վերագործարկման առաջամարտիկները: Փարիզն ու Բեռլինը այսօր կանգնած են իսկապես խորքային մարտահրավերների առաջ, որոնք գագաթնակետին են հասել ուկրաինական պատերազմով: Եվրոպական սուվերենության հարցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ձեւակերպել է դեռեւս այդ պատերազմի առաջին շաբաթներին, երբ այդ հարցերը քննարկելու համար Փարիզ հրավիրեց Եվրամիության առաջատարներ Գերմանիային ու Իտալիային՝ առաջատար եռյակով կարեւոր քննարկումների համար: Այդ քննարկումները սակայն թերեւս չբերեցին հիմնարար քաղաքական համաձայնությունների, ինչի պատճառը թերեւս այն է, որ Եվրամիության թե բովանդակությունը, թե եվրոպական քաղաքականության մեջ Գերմանիայի, Ֆրանսիայի առաջատարությունը ունեն լուրջ մրցակիցներ ի դեմս այլ հավակնությունների: Մասնավորապես, իր ռազմավարական հավակնություններն ունի Եվրամիությունից դուրս եկած Բրիտանիան:
Բրիտանիայի այդ մոտեցումները իր դերը բարձրացնելու համար փորձում է օգտագործել Լեհաստանը: Եվրոպան ընդհանրապես գործնականում, դե ֆակտո նահանգի վերածելու քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգները: Այդ իրավիճակից փորձում է օգտվել Թուրքիան: Թուրքիայի հետ այսօր ուրույն խաղ է փորձում կառուցել Իտալիան: Մնացյալ եվրոպական պետություններն էլ փորձում են համաշխարհային կարգի վերափոխման այդ մեծ գործընթացում գտնել իրենց տեղն ու դերը: Այդ ամենն անշոպւասթելի է դարձնում մեծ տրրանսֆոևրմացիան Եվրամիությունում, որի քաղաքական առաջնային հարվածը ուղղվելու է Ֆրանսիային ու Գերմանիային: Հատկանշական է, որ հենց Փարիզն ու Բեռլինն են այդ համատեքստում փորձում վարել դիմադրող քաղաքականություն, թեեւ ասել, թե նրանց քաղաքականությունը համադրված է, կլինի սխալ: Որովհետեւ, Ֆրանսիան ու Գերմանիան այսօր նշելով Ելիսեյան պայմանագրի 60-ամյակը, 60 տարի անց այդուհանդերձ ունակ չեն թերեւս գործել «պայմանագրային համադրվածության» լիարժեքությամբ, այլապես, նրանք թերեւս 60-ամյակը կնշեին որոշակիորեն թարմացված դեկլարատիվ ակտով, հատկապես, եթե նկատի առնենք, որ 2021 թվականի ամերիկա-բրիտանական կատարմամբ եղավ Ատլանտյան խարտիայի թարմացում, որտեղից Լոնդոնն ու Վաշինգտոը դուրս թողեցին Բեռլինն ու Փարիզը, ընդգծելով իրենց առաջատարությունն ատլանտյան բեվեռում եւ նաեւ նրանց ենթակայությունն այդ առաջատարությանը: Այդ ամենն առնչվում է նաեւ անվտանգության ճարտարապետության այն հարցերին, որոնք շոշափելիորեն ներառում են նաեւ Հայաստանի հետաքրքրություններն ու շահերը, ներառյալ նաեւ Արցախի անվտանգությունն ու ապագան: