ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի ամդամ Գուրգեն Մելքոնյանի հետ հունվարի 22-ին այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:
Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից:
Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:
Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվեն վաշտի ծառայության առօրյային առնչվող` մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։