Այսօր՝ հունվարի 23-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության`բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի հետ նախատեսված չէ:
Նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը: Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպմանը նա մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը:
Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ըստ ամենայնի տեղի ունեցող և տեղի ունենալիք փոփոխությունները թելադրում են անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանը և ՆԱՏՕ-ն նորովի վերանայեն իրենց հարաբերությունները.«Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։ Կարելի է նաև ենթադրել, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն Արարատ Միրզոյանի և Յենս Ստոլտենբերգի միջև հանդիպման մասին՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը նկատեց, որ ռուսական գործոնը Հայաստանում կրճատվում է և դառնում խիստ դեստրուկտիվ՝ մեկը մյուսին զուգահեռ.«Տարածաշրջանում վակուում է առաջանում և Ռուսաստանի հետ թյուրիմացաբար սերտ հարաբերություն ունեցող սուբյեկտներն այո՛, վտանգի տակ են հայտնվում։ Այդ վակուումը պետք է լրացնել նոր գործոններով, որոնք տարածաշրջանում որոշակիություն կմտցնեն, այն էլ մեր նման տրածաշրջանում, երբ ողջ տարածաշրջանն ուղղակի շրջապատված է տուրբուլենտ պրոցեսների խիստ բարձր հավանականությամբ՝ լինի դա Թուրքիայում, Ռուսաստանում և թե՛ Իրանում։ Այդ իմաստով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ քննարկելու բավականին հեռու գնացող օրակարգ ունի։ Սրանք իմ դատողություններն են, որովհետև բացի այդ հանդիպման փաստից մենք ուրիշ տեղեկատվություն չունենք։ Պարզապես այդ հանդիպումը տեղի է ունենում նշածս գործընթացների ու իրողությունների ֆոնին»։
Դիտարկմանը, թե արդյոք մեր սպասելիքները ՆԱՏՕ-ից չափազանցված չեն, կարո՞ղ է այդ կառույցը Հայաստանին անվտանգային երաշխիքներ տալ, Մեհրաբյանն արձագանքեց.«Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ առաջիկա հանդիպումների արդյունքում դա տեղի կունենա, բայց սա մի գործընթաց է, որն այնուամենայնիվ կհանգեցնի այդ պայմանավորվածությանը՝ վաղ թե ուշ։ Իհարկե լավ է՝ վաղ, քան թե ուշ, որովհետև և՛ Հայաստանը և՛ մեր տարածաշրջանը եվրոատլանտյան տարածքի անբաժանելի մասն են։ Հյուսիսատլանտյան տարածքը անվտանգության ապահովման իր բոլոր կարիքները կառուցում է առաջին հերթին հենց ՆԱՏՕ-ի միջոցով, ՆԱՏՕ, որը հիմնված է Միացյալ Նահանգներ-Եվրոպա ռազմավարական դաշինքի վրա։ Ահա և ողջ իրողությունը։ Հայաստանն ինքը պետք է որոշի այդ ամենում իր անելիքը,որոշի թե այդ ճարտարապետության մեջ ինքն ինչ անելիք կարող է ունենալ։ Իմ համոզմամբ՝ Հայաստան այստեղ, այո՛, պետք է մտնի մի գործընթացի մեջ, որը վաղ թե ուշ հանգեցնելու է լիիրավ անդամակցությանը։ Ընդ որում՝ դա պետք է արվի Վրաստանի հետ համատեղ»,-եզրափակեց նա։