Թուրքական «Zaman»-ը, անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի կարծիքը բացահայտած «WikiLeaks»-ի հրապարակումներին, գրել է, թե Թուրքիան, ելնելով Ադրբեջանի շահերից, շրջանցելով «Հարևանների հետ զրո խնդիրներ» բանաձևը, կասեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մինչդեռ Իլհամ Ալիևը, համաձայն «WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերի, արհամարհանքով է խոսել Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության մասին:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի խոսքերով, Էրդողանի կառավարությունը «պարզունակ արտաքին քաղաքականություն» է վարում, ինչի արդյունքում Իսրայելի հետ հակազդեցության պատճառով Թուրքիան կորցնում է իր ավանդական դաշնակիցներին: Ըստ Իլհամ Ալիևի` Էրդողանի համառությունը Համասին օժանդակելու հարցում որևէ քաղաքական օգուտ չի բերի Թուրքիային: