
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը անարդյունավետ կլինի, եթե չունենա Բաքվի համաձայնությունը: Ըստ Լավրովի, այդ դեպքում առաքելությունը կարող է ավելացնել լարվածությունը՝ կայունությունն ավելացնելու փոխարեն: Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հայաստանի տարածքում դիտորդական երկամյա առաքելություն տեղակայելու որոշումը կարող է քննարկել ու ընդունել առաջիկա օրերին: Ըստ նախնական տեղեկության, առաքելությունը ոչ միայն ժամկետի, այլ նաև դիտորդների թվով է տարբերվելու նախորդ՝ երկամսյա առաքելությունից, որի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց Պրահայի քառակողմ հանդիպմանը: Այն ժամանակ Բաքուն չէր առարկել, որ Հայաստանում իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի դիտարկում:
Եվրոպացի 40 դիտորդներ աշխատեցին երկու ամիս: Այժմ նախատեսվում է երկամյա դիտորդական առաքելություն, մոտ 200 դիտորդներով: Ի՞նչ վերաբերմունք ունի այդ հարցում Բաքուն, կարծես թե այնքան էլ պարզ չէ, Ադրբեջանը գոնե առայժմ այդ կապակցությամբ չի արել հնչեղ հայտարարություններ: Լավրովը կարծես թե արտահայտում է Ռուսաստանի դժգոհությունը, ասելով, որ առաքելություն իրականացնելու պատրաստ էր ՀԱՊԿ-ը, բայց Հայաստանը պահանջեց մինչ այդ դատապարտել Ադրբեջանին, ինչին ՀԱՊԿ-ը համաձայն չէր և Երևանը նախընտրեց Եվրամիության դիտորդներին:
Բաքուն դեմ կգնա՞ դրան: Ինչպե՞ս կվարվի այդ դեպքում Եվրամիությունը: Ամբողջ հարցն այն է, որ ֆորմալ առումով Բաքուն այստեղ անելիք կարծես թե չունի, քանի որ խոսքը ոչ թե անմիջականորեն սահմանին, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայման մասին է, հետևաբար դա Հայաստանի ու Եվրամիության գործն է: Ավելին, ի վերջո դա գործ է, որի նպատակը խաղաղությունն է, և, եթե Եվրամիությունը չի կարող այդ հարցում ստանալ Ադրբեջանի դրական վերաբերմունքը, ապա կստացվի, որ Բաքվի հետ էներգետիկ տարբեր գործարքներով Եվրամիությունը սնուցում է ագրեսիա: Ըստ այդմ, դիտորդական առաքելության և դրա արդյունավետության համար պատասխանատվությունը գերազանցապես Եվրամիության դաշտում է: Ավելին, Լավրովի արտահայտությունները այդ իմաստով նույնիսկ ինչ որ առումով ԵՄ-ից պատասխանատվությունը հանելու և Բաքվի վրա դնելու փորձ է:
Այլ կերպ ասած, թեև առերևույթ ՌԴ արտաքին գործերի նախարարը դժգոհություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դիտորդական երկամյա առաքելության տեղակայման կապակցությամբ, այդուհանդերձ տողատակում նրա հայտարարությունները ունեն ոչ միարժեք շերտեր, քանի որ, կրկնեմ՝ Բաքվի դժգոհության պարագայում պատասխանատվությունը պետք է մնա Ադրբեջանին էներգետիկ վստահելի գործընկեր հռչակած ԵՄ վրա և կստացվի, որ Եվրամիությունը գործնականում ի վիճակի չէ որևէ գործուն դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանի կայունություն ապահովելու հարցում: Ի վերջո, խոշոր հաշվով, Եմ դիտորդական առաքելությունը հազիվ թե լինի Հայաստանում ՌԴ դիրքի և Կովկասում ազդեցության էական սպառնալիք, այդ առնչությամբ Մոսկվայի մարտահրավերները այլ են ու ավելի խորքային: Միևնույն ժամանակ, եթե ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողի, ապա այդ կայունությունը «կծառայի» նաև ՌԴ-ին, որը ուկրաինական պատերազմի նոր թեժ փուլին ընդառաջ ամենևին շահագրգռված չէ Կովկասում ապակայունացումով: Իսկ եթե չհաջողի, ապա Մոսկվան պատասխանատվությունը կանխավ դնում է Բրյուսելի, Երևանի և Բաքվի վրա: