ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ սեփական պաշտպանության համար, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ Այս մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք պետք է ընդլայնենք մեր արտադրական կարողությունները, որպեսզի զենք և զինամթերք արտադրենք: Եվ պետք է սերտորեն համագործակցենք պաշտպանական արդյունաբերության հետ, որպեսզի համալրենք մեր սեփական պաշարները: Դա կարևոր է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ մեր զսպման և պաշտպանական քաղաքականության համար», – ասել է նա՝ Բրյուսելում հանդես գալով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստի բացմանը:
Միրչա Ջոանեի խոսքով, ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանական ներդրումների համար ՀՆԱ-ի 2%-ի տրամադրումը պետք է դառնա նվազագույն ցուցանիշ, ոչ թե առավելագույն:
Նա նաև նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգման՝ շեշտելով, որ 2023 թ.-ը դժվար տարի է լինելու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դարձյալ ընդգծել է, որ հարկավոր է Ուկրաինային օգնել այնքան, որքան հարկավոր է: