
ԱՄՆ-ի «Գնաճի նվազեցման ակտը» մտահոգություն Է պատճառում է ԵՄ-ին, բայց Բրյուսելը հույս ունի լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում:
«Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի՝ գնաճի նվազեցման մասին օրենքի որոշ տարրեր անհանգստության մի շարք առիթներ են տալիս եվրոպական ընկերություններին, ուստի մենք աշխատում ենք ԱՄՆ-ի մեր բարեկամների հետ, որպեսզի լուծում գտնենք», – մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:
Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Բրյուսելը և Վաշինգտոնը պետք է հնարավոր ամեն բան անեն անդրատլանտյան առևտրի և ներդրումների խախտում թույլ չտալու համար։ Ըստ ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն արդեն գրեթե 1 տրիլիոն եվրո են ներդրել կանաչ տեխնոլոգիաների բնագավառում։ 2022 թ. ամռանը գնաճի նվազեցման մասին ԱՄՆ-ի ընդունած օրենքը շռայլ սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրամոբիլներ, մարտկոցներ և Էներգետիկ սարքավորումներ արտադրողներին՝ պայմանով, որ դրանք արտադրված լինեն Միացյալ Նահանգներում: Եվրոպայի ղեկավարների կարծիքով՝ այս օրենքը կարող է հանգեցնել նոր անդրատլանտյան առևտրային պատերազմի։
Ավելի վաղ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «Գնաճի նվազեցման ակտի» շրջանակներում ամերիկյան ընկերությունների սուբսիդավորման՝ ԱՄՆ-ի հովանավորչական պլանները «սպառնում են պառակտել Արևմուտքը»։ Այդ օրենքի քննադատությամբ Է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դեկտեմբերի 7-ին կոչ էր արել ստեղծել Եվրոպական ինքնիշխանության հիմնադրամ՝ աջակցելու Եվրամիության տնտեսությանն՝ ի պատասխան Վաշինգտոնի տնտեսական քաղաքականության, և ակտիվացնելու ԵՄ-ի հովանավորչական քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ ոչ թե առճակատման, այլ համագործակցության Է ձգտում: