Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:
Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ավելի մեծ թվով և ավելի երկարաժամկետ կտրվածքով Եվրամիության դիտորդների տեղակայումը միանշանակ օգուտ է Հայաստանին.«Քաղաքացիական նախորդ դիտորդների տեղակայումը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բավականին զսպող գործոն էր և մեծ ազդեցություն ունեցավ սահմանային իրավիճակի լարվածության թուլացման համար։ Կարծեմ մի քանի դեպք եղավ զինվորների վիրավորման հետ կապված, բայց հակառակորդի կրակից սպանության դեպք չի գրանցվել։ Սա ցույց է տալիս, որ առաքելությունը բավականին արդյունավետ է եղել։ Հիմա, երբ ավելի երկարաժամկետ ու ավելի մեծ քանակությամբ դիտորդներ են գալիս Հայաստան, ապա սա շատ կարևոր է լինելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան կանխելու տեսանկյունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ Եվրամիության քաղաքացիական առաքելություն իրականացնող դիտորդները զսպող գործոն են։
Արմեն Վարդանյանը նաև չի բացառում, որ դիտորդների տեղակայումը կարող է ռեզոնանս առաջացնել նաև Ռուսաստանում, որը առանց այն էլ ոգևորված չէր նախորդ դիտորդների տեղակայմամբ։ Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր նաև այդ հարցին անդրադարձել՝ ասելով, թե դեռ պետք է պարզել, թե ով է այդ դիտորդներին այնտեղ բերել.«Այլ արձագանքները մեզ չպետք է հետաքրքրեն, որովհետև մենք մեր խնդիրներն ենք լուծում։Ռուսաստանը չուզեց կամ չկարողացավ պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, հիմա մենք մեր անվտանգության մասին պետք է մտածենք, ոչ թե այլ երկրների կողմից հնչող արձագանքների կամ ռեզոնանսների մասին»։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը նաև նշում է, որ Եվրամիության հետ համագործակցության իմաստով ՀՀ իշխանությունները բավականին լավ են աշխատել կոնկրետ այս ոլորտում.«Այս տեսանկյունից ես շատ կարևոր եմ համարում Պրահայում տեղի ունեցած հանդիպումը։ Չնայած որոշ շրջանակներ քննադատում էին, բայց ես այն շատ կարևոր եմ համարում։Նման պայմանավորվածություն ձեռք բերվեց հենց այդ հանդիպման շրջանակներում, իսկ դրանից հետո Երևանն ու Բրյուսելը զարգացրեցին փոխհամագործակցությունն այս հարցում ու բավականին արդյունավետ կերպով։ Իմիջայլոց, այն, որ ադրբեջանական կողմը բավականին ծանր է տարել այդ հանգամանքը, ևս էական նշանակություն ունի։ Մի քանի օր առաջ Ալիևն իր մամուլիսի ասուլիսում ևս գնահատականներ հնչեցրեց այս հարցի շուրջ, ասելով, որ դա հնարավոր է ազդի Բաքու-Բրյուսել հարաբերությունների վրա։ Սա ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ է եղել մեր այս քաղաքականությունը»։
Ամփոփելով, ըստ Վարդանյանի, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը տեսնելով, որ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ որևէ հույս չի կարող կապել, փնտրում է անվտանգային այլ հնարավորություններ՝ թեկուզև ոչ անմիջական ռազմական կոմպոնենտով։
Հավելենք, որ ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ԵՄ դիտորդների մասին վերջնական որոշում դեռ չկա.«Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ մոնիտորինգային առաքելություն ուղարկելու մասին որոշումը մի քանի ինստանցիաներով է անցնում և դեռևս վերջնական հաստատված չէ:Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ: Նպաստավոր որոշման դեպքում՝ այո՛, մենք կստանանք սահմանին տեղակայված (պարեկություն անող) երկու տարվա մանդատով առաքելություն»,-գրել է Իոաննիսյանը։