
Ադրբեջանում վայնասուն է սկսվել այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» պաշոնական կայքին տված հարցազրույցում պատմելով Հայաստանի մասին գծել էր նաև մեր երկրի քարտեզը։ Մասնավորապես, Մխիթարյանը թղթի վրա նկարել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել էր Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։ Եվ ահա մեր ֆուտբոլիստի այս քայլը Ադրբեջանում որակել են սադրանք։ Ավելին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՈւԵՖԱ, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, պահանջելով պատժել հայ ֆուտբոլիստին։ Ադրբեջանցիների պնդմամբ Մխիթարյանն թղթի վրա Արցախը ներկայացրել է որպես Հայաստանի մաս։ Նշվում է նաև, որ հայաստանցի ֆուտբոլիստը «Ինտերը» ֆուտբոլային ակումբին ուղղակի օգտագործում է իր կեղտոտ նպատակներն իրականացնելու համար։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մխիթարյանի արդարացի և հայանպաստ գործողություններից հետո ադրբեջանական կողմը ագրեսիվ դրսևորումներով փորձում է ճնշում գործադրել մեր ֆուտբոլիստի նկատմամբ։ Ադրբեջանի հերթական մառազմատիկ գործողությունները ևս նպատակ ունեն լռեցնելու Մխիթարյանին։ Նշենք սակայն, որ Ադրբեջանի սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Հայացք նետենք դեպի անցյալ։
2020 թվականին Հենրիխ Մխիթարյանը միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին։ Հայ գործիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ էին անել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր: Արդեն իսկ փաստ է, որ Մխիթարյանն այն մարզիկն է, որ տարիներ շարունակ համառ պայքար է մղում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և հռետորաբանության։ 2020 թվականի հուլիսյան պատերազմի ժամանակ հանդես էր եկել ազգային ոգին բարձր պահելու հերթական նախաձեռնությամբ։ Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներ նվիրաբերել էր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: «Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղված իր նամակում նշել էր Հենրիխ Մխիթարյանը:Հանրահայտ ֆուտբոլիստի՝ իր հայրենիքի կողքին կանգնելու հերթական քայլերը հերթական հիստերիայի ալիքն էին բարձրացրել Ադրբեջանում։ Մասնավորապես, էժանագին սադրանքի դիմելով՝ ադրբեջանական մամուլը Մխիթարյանին մեղադրել էր ֆուտբոլը քաղաքականացնելու մեջ։ Դեռևս 2017 թվականի փետրվարին Մխիթարյանը հարցազրույց էր տվել հեղինակավոր BBC հեռուստաընկերությանը, որը մեծ արձագանք էր ստացել։ «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման՝ խաղալու»,- ասել էր Մխիթարյանը:Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա էր սկսվել: Այս երկրի հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք, բացի աբսուրդային լինելուց, պարզապես ծիծաղ էին առաջացրել:Որպեսզի Ադրբեջանի որդեգրած ճղճիմ գործելաոճը ավելի պարզ լինի, բերենք ևս մեկ հայտնի օրինակ։
Կրկին 2017 թվականին «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից ազատվել էր այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով: Հեռուստաալիքի ղեկավարությանը դուր չէր եկել Շահինօղլուի գրառումը ֆեյսբուքյան էջում, որում նա նշել է անգլիական պրեմիեր լիգայում Մխիթարյանի լավ խաղը: Սպորտային մեկնաբանը հաստատել էր աշխատանքից ազատման լուրը՝ նշելով, որ դա կապված չէ սոցցանցում արված գրառման հետ: «Իդման-Ադրբեջան»-ի ղեկավարները պահանջել էին, որ Շահինօղլուն հրապարակավ ներողություն խնդրի գրառման համար:Ավելին, տևական ժամանակ հեռուստաալիքի տնօրինությունը ուղղակի զրկել էր Շահինօղլուին ֆուտբոլային հանդիպումները մեկնաբանելու հնարավորությունից: Երբ մեկնաբանը կտրականապես հրաժարվել է ներողություն խնդրել, նրան հեռացրել են աշխատանքից: Այնուհետև ադրբեջանցի «հայրենասերները» նրա հասցեին լուրջ սպառնալիքներ էին հնչեցնում:
«Որքա՞ն է վարկանիշդ հրապարակումիցդ հետո, երիտասարդ: Դու դեռ Ադրբեջանո՞ւմ ես: Քեզ նման դավաճաններին պետք է մատաղ անենք հայկական եկեղեցում»,- Ֆեյսբուքում գրել է հասարակական ակտիվիստ Սաֆիար Բագիրովը:Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Մխիթարյանը, ազգային ոգին բարձր պահելուց զատ, հերթական ցավոտ ապտակը հասցրեց Ադրբեջանին: