
Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ է նշանակվել պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ «Նորին Ամենապատուություն Տ. Նուրհան Արք․ Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր տնօրինութեամբ Հոգեշնորհ Տ. Պարետ Ծ. Վարդապետ Երէցեան ազատուած է Սուրբ Աթոռոյս Կալուածոց տեսչի պաշտօնէն: Սուրբ Աթոռոյս Կալուածոց նոր տեսուչ նշանակուած է Հոգեշնորհ Տ. Կորիւն Վարդապետ Բաղդասարեան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Երուսաղեմի Նուրհան Պատրիարքը և Պարետ Վարդապետ Երեցյանը տարբեր գործարքներ, այդ թվում՝ Երուսաղեմի Պատրիարքության հասութաբեր կալվածքները, միասին էին վաճառում կամ երկարաժամկետ վարձակալության հանձնում։
Մասնավորապես, երկու տարի առաջ Նուրհան Պատրիարքը և պարետ Երիցյանը գործարք են կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության են հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:
Վերջին շրջանում, սակայն, լարվել են Երուսաղեմի Նուրհան Պատրիարքի և Պարետ Վարդապետ Երեցյանի հարաբերությունները։ Նախորդ հինգշաբթի Նուրհան Պատրիարքը ազատել է պաշտոնից Պարետ վրդ․ Երեցյանին կալվածքների գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երուսաղեմի հայոց պատրիարքության աղբյուրները նշեցին, որ Պարետ վրդ․ Երեցյանի հետ պատրիարքի հարաբերությունները այնքան վատ էին, որ նրանք իրար հետ չէին խոսում։ Պատճառը, ըստ մեր աղբյուրների, Պարետի՝ պատրիարքին շարունակ ստելն է եղել։
«Այժմ ավելի հեշտ է Կովերի պարտեզի պայմանագիրը չեղյալ հայտարարելը, քանի որ Պարետը այլևս Կալվածքների տեսուչ չէ։ Նուրհան պատրիարքը պետք է ճիշտ որոշում կայացնի և չեղյալ հայտարարի պայմանագիրը, քանզի տակավին ուշ չէ»,-նշեցին մեր աղբյուրները։
Ինչ վերաբերում է Կորյուն վարդապետ Բաղդասարյանին, ապա նրա նկատմամբ կա վստահություն, ավելին՝ նա տիրապետում է արաբերենի, անգլերենի և եբրայերենի, ինչին չէր տիրապետում հայր Պարետ Երիցյանը։
Նշվում է, որ պատրիարքի և Պարետի հարաբերությունները լարվել էին նաև Կովերի պարտեզի հետ կապված․ «Նուրհան պատրիարքը անդրադարձել է, որ պայմանագիրը վտանգ է և պետք է լուծել հարցը։ Եվ հիմա Նուրհան պատրիարքը և Սևան արք. Ղարիպյանը պետք է հետ վերցնեն ստորագրությունը պայմանագրից։ Դա հնարավոր է, քանզի Նուրհան պատրիարքի ստորագրությունը ամենակարևորն է: Եթե պատրիարքը հետ վերցնի իր ստորագրությունը, ավելի հեշտ կարող են պայմանագիրը չեղարկել»,-ասացին մեր աղբյուրները։
Սաղիմահայերը վստահ են, որ Կորյուն վարդապետը կաջակցի և Նուրհան Պատրիարքի վրա ճնշում կգործադրվի Կովերի պարտեզի պայմանագիրը չեղարկելու։