
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի հանձնախմբի նախկին անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը (Գերմանիա, Բեռլին):
-Պարոն Քոչարյան, տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են ռեգիոնալ հարցեր, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զրույցի մասին, առհասարակ ինչպիսի՞ մոտեցումներ կան Բեռլինում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
–Հեռախոսազրույցի բովանդակությունը հրապարակված չէ, բայց պետք է ասեմ, որ առհասարակ գերմանական մամուլում կցկտուր լուրեր կան Արցախի մասին։Ալիքը չի հասել Գերմանիա, և դուք գիտեք նաև, որ Գերմանիան ունի ոչ հայամետ տրամադրվածություն։ Առհասարակ, այն ինչ տեղի է ունենում հայերի հետ, դրա մասին կա՛մ չեն խոսում կա՛մ պատմում են այնպես, ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն են ցանկանում, որովհետև շուկան նրանց ձեռքերում է և ոչ հայերի։ Հայերն այստեղ շատ բան չունեն ասելու։
Մեր կողմից անցած ուրբաթ օրը ցույց ենք արել Ադրբեջանի դեսպանատան դիմաց․ Բացի այդ՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ցեղասպանագետ Հոֆմանը մի քանի նամակներ է գրել արտաքին գործերի նախարարին, ԱՄՆ ու Ռուսաստանի դեսպաններին՝ Արցախի շրջափակման առիթով։ Բայց պետք է նշեմ, որ Արցախի շրջափակումն առհասարակ անտեսվում է Գերմանիայում, գերմանական մամուլի կողմից։
-Ձեր կարծիքով՝ ակտիվ ջանքերը, այսպիսի հեռախոսազրույցները, տեղում դեսպանի ու հայ համայնքի աշխատանքը կարո՞ղ են իրավիճակ փոխել։
-Ես նախկինում էլ նշել եմ, որ Գերմանիայում չկա այնպիսի համակարգված աշխատանք, ինչպիսին որ կա Հոլանդիայում կամ Ֆրանսիայում։ Դժբախտաբար Գերմանիայում հայերը շատ ցրված են տարբեր քաղաքներում։ Միայն Բեռլինում կա որոշակի աշխուժություն, գուցե մայրաքաղաք է՝ դրա համար։ Ասում են, որ 3000-ի չափ հայ է այստեղ ապրում, ես մի փոքր թերահավատ եմ այս հարցում։ Այստեղ է ցույցը տեղի ունեցել, Ադրբեջանի դեսպանատան դիմաց հաճախակի հավաքներ են տեղի ունենում։ Իհարկե գերմանացի թղթակիցներն ընդհանրապես չեն գալիս, հայ մամուլում էլ սա արձագանք չի գտնում։ Մյուս կողմից էլ պետք է ասեմ, որ ամերիկյան, ֆրանսիական, ռուսական մամուլի որոշ լուրեր տարածվում են նաև Գերմանիայում։ Կարճ լուրեր իհարկե կան, բայց այնպիսի ակտիվություն, ինչպիսին, որ Ֆրանսիայում է կամ ԱՄՆ-ում՝ դժբախտաբար չկա։
-Պաշտոնական Բեռլինի քաղաքականության մեջ Մերկելի հեռանալուց հետո Հայաստանի առումով որևէ փոփոխությու կա՞։
–Ո՛չ։ Տեսեք, օրինակ,ազգությամբ գերմանացի Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, որը Եվրոպական հանձնաժողովի նախագահն է, Ալիևին համարում է վստահելի անձնավորություն, որովհետև այդ 3-4 տոկոս գազը, որն Ալիևը ստանում է մյուս երկրներից՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից և այլն, ուղարկում է Եվրոպա։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հաշվի չի առնում Ադրբեջանի հետամնացությունը, Թուրքիայի հետ միասին աշխարհի ամենաշատ քաղբանտարկյալներ ունենալու հանգամանքը։ Նույնիսկ մտավորականներին են բանտերում պահում, բայց նման հանգամանքը հաշվի չի առնվում։ Ընդհանրապես պետք է նշել, որ եվրոպացիների համար առաջնահերթը Ռուսաստանի դեմ պայքարն է, Ուկրաինան։ Հայաստանի մասին շատ կցկտուր մտածողություն կա։ Դա էլ այստեղ ապրող հայերի շնորհիվ՝ գուցե մեկ-երկու տողով հիշատակում լինի։ Բայց պետք է նշեմ նաև, որ Կանաչները չորեքշաբթի օրը առցանց կոնֆերանս են կազմակերպել, Հայաստանից երկու հոգի է խոսելու, մեկն էլ Ադրբեջանից։ Սա անգելերն լեզվով է լինելու, ուստի այստեղ ապրող 45-50 հազար հայերի համար դա հասանելի չի լինի։ Այս կոնտեքստում ուզում եմ նորից շեշտել ցեղասպանագետ Հոֆմանի ակտիվ ջանքերը, որի գործունեությունն այստեղ համեմատում են բարոնուհի Քոքսի արած աշխատանքի հետ։