
65-ամյա ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը գլխավորեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը։ Հունվարի 14-ին կայացել էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվել էր հենց Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Հունվարի 12-ին Պետրակովն ավարտել է աշխատանքն Ուկրաինայի ազգային հավաքականում։ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2021-ի նոյեմբերից։
Նա փոխարինել էր լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինան 15 խաղ է անցկացրել․ տարել 6 հաղթանակ, 7 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում Ուկրաինան և Հայաստանը ընդգրկված էին միևնույն ենթախմբում։ Պետրակովկի գլխավորությամբ Ուկրաինան մեր ազգային թիմին Լեհաստանում 3։0 հաշվով հաղթելուց հետո, Երևանում առավելության էր հասել խոշոր 5։0 հաշվով։ Ուշագրավ վիճակագրական տվյալներ։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի ազգային հավաքականը միայն երկու խոշոր հաշվով հաղթանակ է տարել։ Այդ երկու հաղթանակներն էլ գրանցել են հենց Հայաստանի ազգային թիմի դեմ մրցավեճում։ Որպես ազգային թիմի գլխավոր մարզիչ Պետրակովը ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է Հայաստանի դեմ մրցավեճում՝ Երևանում։ Նշենք, որ Պետրակովը դավանում է հարձակվողական ֆուտբոլ և սովորաբար կիրառում է 4-3-3 դասավորությունը։ Ի դեպ, 2010 թվականից Պետրակովն աշխատել է բացառապես Ուկրաինայի հավաքականներում։ Կարճ ասած Պետրակովը մասնագիտացված հավաքական թիմերի մարզիչ է։ Ուկրաինացի մասնագետի համար Հայաստանի հավաքականը միջազգային կարիերայի սկիզբն է։ Որպես մարզիչ նա աշխատել է միայն Ուկրաինայում։
«Բանակցել ենք, այո, նաև Արևմտյան Եվրոպայի մարզիչների հետ: Եվ ամենակարևորը, մինչև հոկտեմբերի ընկերական խաղերը փորձում էինք խոսել նաև ակումբային ֆուտբոլի հետ կապված մարզիչների հետ ու եթե այդ պահին գտնեինք մեր երազանքների մարզչին, այո, կվստահեինք նաև նրան, որովհետև կունենայինք 2 ընկերական խաղ, բայց հիմա, քանի որ այդ խաղերից առաջ ընտրությունը չկատարվեց, մենք փորձել ենք կենտրոնանալ մարզիչների վրա, որոնք հավաքականի փորձ ունեն: Բանակցել ենք հետխորհրդային երկրների՝ ուկրաինացի, ռուսաստանցի մարզիչների հետ, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանից: Կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզիչը նմանատիպ փորձ ունի, Ուկրաինայի բոլոր տարիքային հավաքականների հետ բավականին հաջողությունների է հասել: երիտասարդական վերջին Աշխարհի առաջնության չեմպիոն է՝ 2019-ին: Նաև տեսել ենք մեր հավաքականի դեմ Ուկրաինայի հավաքականի խաղերը: Նա էլ անցած տարի 2 խաղ անցկացրել է մեր հավաքականի դեմ, շատ լավ ծանոթ է մեր հավաքականին»,- Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հավաքականներում աշխատելու փորձ ունենալու տեսանկյունից Պետրակովի նշանակումը միանգամայն արդարացված պետք է համարել։
Շատ բարձրակարգ մասնագետներ որոնք լուրջ հաջողությունների են հասել ակումբային մակարդակում ուղղակի ձախողվել են հավաքական թիմերում։ Նույն Ժոզե Մոուրինյոյի պես մասնագետը խուսափում է կարիերան շարունակել հավաքականներում։ Կարող ենք ասել, որ Հայաստանի ազգային թիմն առաջին անգամ կմարզի այսպես ասած մաքուր՝ հավաքականների մարզիչը։ Նշենք, որ սպասվածի համաձայն Պետրակովի նշանակումը տարաբնույթ մենաբանությունների առարկա է դարձել հայկակն ֆուտբոլային ընտանիքում։ Այս խնդրին կանդրադառնանք հաջորդիվ։ Իսկ այսօր հաջողություն ենք մաղթում Ալեքսանդր Պետրակովին, նրան ցանկանալով հաջողություններ և նվաճումներ մեր ազգային թիմում։