
Ժողովրդից ստացված մանդատը չեմ դնի փողոցում, ժողովուրդը պետք է որոշի, թե ով է իր տված մանդատի տերը: Այդ միտքը հունվարի 10-ին անցկացրած մեծ ասուլիսում արտահայտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ նրան հարց տրվեց հնարավոր հրաժարականի մասին: Վարչապետ Փաշինյանի խոսքը վերաբերում է սակայն ոչ միայն զուտ հրաժարականին, այլ Հայաստանի համար կարևորագույն մի խնդրի, որ գոյություն ունի ցանկացած ոչ բռնապետական երկրի պարագայում, որն իր պետական ճկունության անկյունաքարերից մեկը դիտարկում է ժողովրդավարական, բաց քաղաքական համակարգի առկայությունը: Իսկ այդպիսի համակարգերում կարևորագույն խնդիր է լեգիտիմ իշխանափոխության մեխանիզմի գոյությունը:
Հայաստանը ներկայումս զրկված է դրա հնարավորությունից, ու այդ իմաստով, առնվազն տեսականում, այդ չափով զրկված է պետական քաղաքականության ճկունության որոշակի աստիճանից: Թե որքան անհրաժեշտ ու կարևոր աստիճան է դա ներկայիս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում և ռեգիոնալ ծանր մարտահրավերների պարագայում, դա իհարկե առանձին հարց է, որի պատասխանի ճշգրտությունը կախված է ռեգիոնալ և միջազգային իրադրության, հայ-ադրբեջանական հակամարտության և արցախյան խնդրի շուրջ առկա տեղեկատվության ծավալից:
Բայց, կասկածից վեր է, որ բաց քաղաքական համակարգի ուղենիշ ընտրած Հայաստանը, որը ըստ էության ռեսուրս էլ չունի փակ համակարգով երկար ճանապարհ անցնելու, էապես ունի լեգիտիմ իշխանափոխության մեխանիզմի անհրաժեշտություն: Իսկ դրա համար Հայաստանին էապես, կենսականորեն անհրաժեշտ է ներքաղաքական, ներհասարակական միջավայր, որտեղ իշխանություն-ընդդիմություն բևեռացվածությունը չի լինի ծայրահեղ: Ներկայիս քաղաքական ներկապնակի պարագայում դա գործնականում թվում է անհնար, որքան էլ չլինի ցավալի:
Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ, որը կունենա հանրային վստահություն և իրապես նոր մրցակցություն կբերի քաղաքական դաշտ, չի դիտվի պարզապես նախկին իշխանության նոր փաթեթավորում, կունենա հանրությանն արվող համոզիչ գործնական և ներառական առաջարկների հայեցակարգային փաթեթ և ճանապարհային քարտեզ, ու այդ կերպ նաև կլինի ամուր հնարավոր թիրախավորումների հանդեպ: Այդ իմաստով, երբ Փաշինյանն արձանագրում է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով է լինելու իր մանդատի տերը, այստեղ իհարկե հնարավոր է տեսնել ցանկացած քաղաքական գործչի, իշխանության կրողի համար բնորոշ որոշակի պոպուլիստական հռետորաբանություն և ձևակերպում, քաղաքական դիրքի և իշխանության պահպանման ձգտում: Դա կա և դա գործնականում իշխանություն և քաղաքականություն երևույթի օբյեկտիվ օրինաչափությունն է:
Բայց, միևնույն ժամանակ, իշխանափոխության մեխանիզմն արդյունավետ միջոց կարող է լինել միայն հանրային լեգիտիմության պարագայում: Դա չի երաշխավորում աներկբա արդյունավետություն, բայց դրա բացակայությունը կարող է բերել ոչ միայն անարդյունավետության, այլ նաև ավելի խորը ճգնաժամի, եթե իշխանության է գալիս ուժ, որը չի վայելում հանրության մեծամասնության վստահություն և ավելին՝ ունի մեծամասնության անվստահությունը: Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո շարունակում է արդիական մնալ լեգիտիմ իշխանափոխության մեխանիզմի խնդիրը: Դրա լուծումը Հայաստանի համար ժամանակի ընթացքում ունենալու է ավելի ու ավելի կենսական նշանակություն: