
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախաագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:
-Պարոն Աթանեսյան, ի՞նչ է կատարվում Արցախում: Երեկվանից նախ արտահերթ ընտրությունների մասին լուրեր շրջանառվեցին, հետո գրվեց, որ Ռուբեն Վարդանյանը կհեռացվի պաշտոնից: Ապա Վարդանյանը հերքեց տեղեկատվությունը:
–Չեմ տիրապետում որևէ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի։ Տեղյակ եմ այնքանով, որքանով մամուլը փոխանցում է և, անկեղծ ասեմ, խիստ տագնապած եմ։
-Ի՞նչ վտանգներ եք տեսնում, ի՞նչն է տագնապի պատճառը:
–Կա Արցախի նոմինալ-սահմանադրական իշխանությունը չեղարկելու վտանգ։
–Ո՞ւմ է դա ձեռնտու: Նպատակը՝ Արայիկ Հարությունյանի հեռացո՞ւմն է:
–Չեմ կարող միանշանակ գնահատական տալ, բայց եթե իրավիճակն այն է, որ պիտի ընտրություն կատարվի «հաշտվողականության» և «հնարավոր հաղթանակի միջև»՝ ինչպես գեներացնում են որոշ ուժեր, ապա հանգուցալուծման միակ հնարավորությունը հանրային հարցումն է, պլեբիսցիտը, հանրաքվեն։ Ի՞նչ ընթացակարգ է հնարավոր այս իրավիճակում՝ քննարկման թեմա է։
–Պարոն Աթանեսյան, Աժ նախագահն էլ հայտարարեց, որ իրեն է նախագահ տեսնում: Ովքե՞ր են վերադասավորվում:
–ԱԺ նախագահն ասել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի։ Դա իր և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Խնդիրն այն է՝ ինչո՞ւ պիտի արտահերթ ընտրություններ լինեն, ի՞նչ խնդիր է դրանով լուծվելու կամ, անկեղծ ասած՝ ենթադրյալ նոր նախագահն ինչո՞վ է Արայիկ Հարությունյանից առավել կամ ժողովրդի լեզվով ասած՝ լավ լինելու։ Այս հարցերի պատասխանը կա՞՝ թող մեկը հրապարակի, հանրայնացնի։ Եթե չկա, ուրեմն ի՞նչ։ Գումարելիների տեղափոխությունից գումար չի փոխվում, քաղաքական «աբրեկ»-ները փոխվում են, Արցախը՝ մնում է ոչ քաղաքական։ Գերհարցը սա է՝ Արցախը պիտի լինի քա-ղա-քա-կան։ Ոչ թե «սարերից իջած մի խումբ ձիավոր»-ի մանտրայի գերի։