«Ռաֆիկը մեր ընտանիքի ամենակարևոր մարդն է, անչափ բարի, հետաքրքրասեր և կարեկցող»,-«Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում իր եղբոր մասին է պատմում Անժելիկա Փարսյանը։
25 ամյա Ռաֆիկ Փարսյանը ունի հիդրոցեֆալիա։ Այս հիվանդության դեպքում ուղեղ-ողնուղեղային հեղուկը չափից շատ է կուտակվում ուղեղում, ինչի հետևանքով գլուխը սովորականից ավելի մեծ չափ է ունենում։ Հնարավոր է՝ ի հայտ գան նաև այլ խնդիրներ՝ մտավոր զարգացման հապաղում, խոսքի խանգարում, հենաշարժողական դժվարություններ։ Անժելիկան ասում է, որ ի ուրախություն իրենց, Ռաֆիկի մոտ միայն հենաշարժողական խնդիրներ են. վերջինիս մտավոր զարգացումը, խոսքը, տեսողութունն ու լսողությունը չեն տուժել։
Թե ինչու է այս խնդիրն առաջացել, Անժելիկայի ընտանիքն առ այս պահը չգիտի։ Քանի որ ժառանգական նախատրամադրվածություն չի եղել, հակված են մտածել, որ բժշկական սխալի, հիվանդանոցում տեղի ունեցած ինչ-որ միջադեպի արդյունք է եղել։