Արցախում չեն բացառվում նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Չեն բացառվում նոր ընտրություններ, որովհետև յուրաքանչյուր պատերազմից հետո, անկախ նրանից՝ հաղթել է այդ պետությունը, թե պարտվել, միշտ էլ արտահերթ համապետական ընտրություններ են տեղի ունենում»,-ասաց Արթուր Թովմասյանը: Նա նշեց, որ որպես նախագահի թեկնածու մտադիր է մասնակցելու նախագահական ընտրություններին, կմասնակցի նաև խորհրդարանական ընտրություններին. «Եթե ժողովուրդն իր քվեն տա, վստահի, կշարունակենք աշխատել»,-հավելեց Թովմասյանը:
Հարցին՝ կա արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ, նա պատասխանեց, որ Արցախի Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանը ցրվում է, և հակառակը, եթե խորհրդարանը լուծարվի, միաժամանակ նախագահը կդառնա պաշտոնակատար:
ԱԺ նախագահի խոսքով, նախագահական և խորհրդարանական ընտրությունները տարբեր ժամկետներում պետք է անցկացնել. առաջին հերթին խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան. «Գործող նախագահը կլինի նախագահի պաշտոնակատար, իսկ գործող նախագահից պահանջվում է թափանցիկ ընտրություն՝ առանց ընտրակաշառքի»,-հավելեց Թովմասյանը:
Անդրադառնալով նրան, որ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարար նշանակվելուց հետո նշվում էր, որ Արցախում սահուն իշխանափոխություն է տեղի ունենում, նա նկատեց. «Մի բան ասեմ, երկրի Սահմանադրությամբ գլխավորը երկրի նախագահն է, այս Սահմանադրությամբ կարող են որոշակի պարտավորություններ դրվել պետնախարարի վրա, պետնախարարը»:
Հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հետ են մասնակցելու ընտրություններին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Արայիկ Հարությունը եթե չեմ սխալվում չի մասնակցելու արտահերթ նախագահական ընտրություններին»:
Արթուր Թովմասյանը հավելեց, որ ինքը միշտ էլ Արցախի կառավարության և ԱԺ-ի միջև սերտ շփումներ հաստատելու կողմնակից է եղել. «Այո, ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են եկել տարբեր հայտարարություններով, բայց գծել են հստակ կարմիր գծեր: Կա կոնսենսուս Արցախի հարցի շուրջ: Մինչև այս պահը»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ այս ամենն արվում է, որ Ռուբեն Վարդանյանը դառնա նախագահ, Թովմասյանն արձագանքեց. «Ես ինձ եմ տեսնում Արցախի նախագահ»:
Դիտարկմանը՝ Արցախի և ՀՀ իշխանությունները սինխրոն չպետք է աշխատեին, նա նշեց, որ նախ ժողովուրդը կընտրի, հետո կտեսնենք: