
Ալեքսանդր Պետրակովը լքել է ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ուկրաինայի ֆուտբոլի միությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է․«Շնորհակալություն ենք հայտնում Ալեքսանդր Պետրակովին կատարած աշխատանքի համար։ Ուկրաինայի ֆուտբոլային միությունը դադարեցնում է համագործակցությունն ազգային թիմի գլխավոր մարզչի հետ։ Պետրակովին հաջողություն ու նոր հաղթանակներ ենք մաղթում իր կարիերայում»։ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորում էր 2021-ի նոյեմբերից։ Նա փոխարինել էր լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոյին։ Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինան 15 խաղ է անցկացրել․ տարել 6 հաղթանակ, 7 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 2 պարտություն։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնում Ուկրաինան և Հայաստանը ընդգրկված էին միևնույն ենթախմբում։ Պետրակովկի գլխավորությամբ Ուկրաինան մեր ազգային թիմին Լեհաստանում 3։0 հաշվով հաղթելուց հետո, Երևանում առավելության էր հասել խոշոր 5։0 հաշվով։
Ազգերի լիգայում Ուկրաինան խմբում բավարարվել էր 2-րդ հորիզոնականով։ Պետրակովի գլխավորած հավաքականին չէր հաջողվել նաև նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Փլեյ-օֆֆում ուկրաինացիները զիջել էին Ուելսին։ Նախորդ տարվա դեկտեմբերին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս մասնագետին դիտարկում է մեր ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Հիմա արդեն, երբ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան չերկարաձգեց պայմանագիրը Պետրակովի հետ, վերջինիս Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հավանականությունն ավելի է մեծանում։ Չմոռանանք, որ դեկտեմբերին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա ամենայն հավանականությամբ 2023 թվականի հունվարին։ Նշենք, որ Պետրակովը 65 տարեկան է։ 2010 թվականից մինչ օրս նա գլխավորել է Ուկրաինայի բոլոր տարիքային հավաքականները։ Անցյալ տարվա սեպտեբերին Խոակին Կապառոսի հրաժարականից անմիջապես հետո ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվեց Անդրեյ Տալալաևի թեկնածությունը։ Ռուս մասնագետը հաջողությամբ գլխավորել էր «Փյունիկը», լավ աշխատանք էր տարել «Տամբովի» հետ, տևական ժամանակ էլ մարզում էր Գրոզնիի «Ախմատը», որից հեռացավ անցյալ տարվա աշնանը։ Տալալաևը, սակայն, շտապեց հերքել, որ բանակցությունների մեջ է ՀՖՖ-ի հետ։
«Ասում են՝ հավերը կաթ են տալիս։ Ովքեր ասում են, իրենցից էլ հարցրեք»,- այսպես էր պատասխանել Տալալաևը։ Այնուհետև տեղեկություն տարածվեց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ ՀՖՖ-ի բանակցություններ վարելու մասին։ Այս մասնագետը հաստատել էր տեղեկությունը նշելով սակայն, որ նպատակահարմար է համարում երկարաձգել պայմանագիրը համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ազգային թիմի հետ։ Կարպինի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը հաստատել էր նաև ՀՖՖ-ն։ Խոսվեց նաև, որ ֆուտբոլի ֆեդերացիայի թիվ մեկ թեկնածուն իսպանացի ճանաչված մասնագետ Մարսելինյո Տորալն է։ Այս տեղեկությունը սակայն կարճ ժամանակ անց հերքվեց։ Տեղեկություն էր տարածվել նաև արտասահմանում բնակվող հայ գործակալի և Միշել Տեր-Զաքարյանի միջև բանակցությունների մեկնարկի մասին։ Նախորդ տարվա հոկտեմբերին Տեր-Զաքարյանը հեռացել էր Ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Հայ մասնագետի գլխավորությամբ «Բրեստը» վերջին հանդիպումն անց էր կացրել հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջելով «Լորյենին»։ Ի դեպ, այդ հանդիպմանը Միշել Տեր-Զաքարյանը հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել էր հայկական եռագույնով կրծքանշանով։ Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց սակայն, որ Տեր-Զաքարյանը ևս չի գլխավորի մեր հավաքականը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սկսվելու է այս տարվա մարտին։ Հենց առաջին խաղում, մեր հավաքականը մարտի 25-ին Երևանում մրցելու է Թուրքիայի հետ։