
Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Շիրազ Խաչատրյանի դին շարունակում է մնալ Կուտականի լեռների չեզոք գոտում։ Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որոնողական աշխատանքներ արվում են ոչ անընդհատ՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ։ Սոցիալական ծանր պայմաններում ապրող Խաչատրյանների ընտանիքի միակ ցանկությունը Շիրազ Խաչատրյանի մարմինը հողին հանձնելն է։ Շիրազ Խաչատրյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում։ 650 բնակչություն ունեցող Փոքր Մասրիկում վերջին երկու տարիներին պատերազմական գործողությունների արդյունքում 14 զոհ կա։ Լուրեր են շրջանառվում, որ գյուղացիները առաջարկել են դիվերսիա կազմակերպել, չեզոք գոտում մնացած դիերը հանել։
Փոքր Մասրիկ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Նշանշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միայն 44-օրյա պատերազմում գյուղը 4 զոհ է տվել, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 10-ի. «Ամեն անգամ մեր գյուղն ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, ցուցանիշներից էլ դա երեւում է»:
Անդրադառնալով նրան, որ գյուղացիներն առաջարկել են դիվերսիա կազմակերպել ու չեզոք գոտում մնացած դիերը հանել, Նշանյանն ասաց. «Այդ խոսակցությունները հենց Շիրազ Խաչատրյանի մասին են եղել, որի դին հիմա չեզոք գոտում է: Այդ ժամանակ երիտասարդներն ուզեցել են նման բան անել, բայց հարազատները չեն թողել: Հիմա չեզոք գոտուց դիակը վերցնելու տարբերակ չկա: Փորձեր եղել են մի քանի անգամ, գնացել են, բայց թույլ չեն տալիս, որ մոտենան: Կարմիր Խաչն էլ սկզբում ասում էր՝ բանակցում ենք, հետո էլ ասաց, թե դա մեր ուժերից վեր է: Հիմա երեւի օպետք է պետությունների ղեկավարների մակարդակով հարցը լուծվի, պետք է համապատասխան գերատեսչությունները զբաղվեն դրանով: Մնում է, որ բանակցություններով հարցը լուծեն:
Շիրազ Խաչատրյանի ընտանիքի սոցիալական վիճակը բարդ է, այս աղմուկից հետո իրենք աշխատավարձի տեսքով գումար են ստացել: Երեւի վերականգնել են աշխատավարձը, մինչեւ հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչ կարգավիճակ կտան իրենց»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ փաշինյանի հայտարարությանը, թե անհետ կորածների որոնողական աշխատանքներ իրականացվում են, բայց ոչ անընդհատ, համայնքի ղեկավարն ասաց. «Դա ինձ համար անհասկանալի է, այնտեղ որոնելու բան չկա: Տեղը հայտնի է, մնում է, որ պայմանավորվեն, որ նրանք չկրակեն, մերոնք էլ գնան բերեն»:
Նրա խոսքով, գյուղացիների մոտ արդեն տարբեր տեսակի մտքեր են առաջանում. «Երեւի թշնամին սա էլ է օգտագործում որպես զենք, որ մեզ ճնշի, հոգեբանական ճնշում է գործադրում, որ մարդիկ հիասթափվեն, հեռանան, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք պաշտպանելու մեր տները, հողերը, մեր երեխաներին: Կոնկրետ մեր գյուղը թշնամու դիտարկման տակ է, ու էլի այդպիսի գյուղեր կան: Հիմա մենք նույիսկ երբ մեր բակերում քայլում ենք, մեկ-մեկ կատամում ասում ենք՝ եկեք այսինչ բանն անենք, թող թուրքերը տեսնեն: Մեր բակը երկու լույս ունի: Ասում ենք՝ երկուսն էլ վառ պահենք, որ թուրքերը մտածեն, որ երկու տուն է, ավելի շատ մարդ է ապրում գյուղում: Մենք չենք վախենում ոչ մի բանից»,-ընդգծեց համայնքի ղեկավարը: