
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարել է, թե իրենց երկիրը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո:
Հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար. «Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը»,-մասնավորապես նշել է դեսպան Գալագերը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ ՄԹ-ը չափազանց անհանգստացած է ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ են արել այն վերաբացել։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը հաստատել է այն ամենը, ինչ կա հայկական մամուլում հրապարակված տեղեկատվության մեջ. «Ըստ որի՝ Ալբանիան, Միացյալ Թագավարությունն ու ԱՄԷ-ը տեքստի հետ կապված խմբագրման անհրաժեշտություն են տեսել և ֆրանսիացիների հետ խորհրդակցության ընթացքում այդ բոլոր հարցերը շատ հարթ ձևով լուծվել են։ Մինչդեռ ռուսական կողմն այնպիսի ձևակերպումներ է մեջտեղ բերել, որ խափանել է հայտարարության ընդունումը։ Սա հայկական մամուլում հրապարակված տեքստ է, որտեղ հղում է արվում մեր դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ այդմ՝ Միացյալ Թագավարության դեսպանը գալիս է հաստատելու հայկական կողմի տեղեկատվությունը և հերքելու այն, ինչ հրապարակվեց ու հայտարարվեց Բաքվում ու Մոսկվայում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեհրաբյանի խոսքերով՝ ռուս-ադրբեջանական պրոպագանդիստական «տրյուկը» բացահայտվեց և իրերը կոչվեցին իրենց անուններով։
Մեր այն դիտարկմանը, թե հայկական կողմն ի՞նչ հետևություններ պետք է անի այս ամենից, երբ մենք թշնամիներ ենք հռչակում պետությունների, որոնք մեր նկատմամբ այդպիսի տրամադրվածություն չունեն, քաղաքագետը պատասխանեց.«Դա մենք չենք անում, դա անում է ռուսական պրոպագանդան, ռուսական պրոպագանդայի «քաղաքական եզների» կույտը։
Միևնույն ժամանակ Մեհրաբյանն արձանագրեց՝ Միացյալ Թագավորությունը Հայաստանի ամենահեռանկարային և ամենակարևոր գործընկերների շարքի առաջին եռյակում է. «Սակայն աշխատանքային դաշտը այդ պետության հետ դեռ խոտան է բոլոր առումներով՝ անվտանգություն, տնտեսություն, էկոլոգիա, պետական կառավարում, ռեֆորմների օրակարգ և այլն։ Միացյալ Թագավորությունը ներկայիս դրությամբ պարզապես առանցքային դերակատարություն ունի միջազգային հարաբերությունների այն օրակարգում, որն այսօր առկա է։ Հայաստանը չի կարող դրա հետ հաշվի չնստել։
Բացի դրանից՝ Միացյալ Թագավորության հետ ակնհայտ է նպատակների, շահերի ու արժեքների ընդհանրությունը, որը մինչև հիմա մնում է չիրացված»։
Խոսելով այն մասին, որ Մեծ Բրիտանիան շահեր ունի Ադրբեջանի հետ, քաղաքագետը հարցադրում արեց՝ իսկ ո՞վ չունի.«Բոլորն էլ ունեն շահեր։
Ռուսաստանը չունի՞, Ամերիկան չունի՞, Վրաստանն ու Իրանը չունե՞ն։ Բոլոր պետություններն էլ ձգտում են բոլորի հետ ունենալ առնվազն հարթ, կանոնակարգված հարաբերություններ։ Հայաստանը նույնպես պետք է նման տրամաբանությամբ առաջնորդվի, այլ ոչ թե նայի՝ ով է Ադրբեջանի հետ լավ, ով վատ։ Մեր հարաբերություններն այլ պետությունների հետ Ադրբեջանի մասին չեն»։
Դիտարկմանը, թե Հայաստանում կա արմատացած այն մոտեցումը, որ հարաբերություններ չպետք է կառուցվեն այն պետությունների հետ, որոնք Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեն՝ այդ թվում նաև Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի, քաղաքագետը պատասխանեց.«Դա ևս ռուսական պրոպագանդայի արդյունք է, այդ նարատիվները ներդրվում են ռուսական պրոպագանդայի կողմից՝ ռուսական կայսերապաշտական սայլին լծված քաղաքական եզների կողմից, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության ազգային շահերի հետ»,-եզրափակեց նա։