ՀՀ պետական հիմնարկներում բացառել կանխիկ գումարի շրջանառության ցանկացած տարբերակ, պետական հիմնարկներում թղթադրամ չպետք է երևա՝ կառավարության նիստում հանձնարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ որևէ պահից սկսած պետական հիմնարկներում չպետք է թույլատրվի նաև վճարային տերմինալների առկայությունը:
«Որևէ պետական հիմնարկում պետք է բացառվի կանխիկ դրամի շրջանառությունը։ Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է գոյություն չունենա։ Այս առումով ուզում եմ հատկապես հրավիրել Ներքին գործերի նախարարության ուշադրությունը, մասնավորապես քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինեն պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի շրջանառությունը։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Սա և՛ թափանցիկության, և՛ արդյունավետության, և՛ հետագծելիության խնդիր է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։