Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում Ադրբեջանին վերադարձնի 8 գյուղ:
«Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է եւ այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է:
Կան թեմաներ, որոնք օգտագործվում են այդ թվում հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, որոշակի ցնցումներ առաջացնելու համար: Բանակցությունները նրա համար են, որ տեսնենք՝ ինչ հարց կա, այդ հարցերը քննարկենք: Այսօր Հայաստանի տարածքներ կան օկուպացված 1990-ականներից: Օրինակ, Տավուշի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասը օկուպացված է, նույնը Բերքաբեր, Վազաշեն գյուղից: Այդ հարցերը դելիմիացիայի գործընթացում քննարկվելու են, ինչո՞ւ պետք է չքննարկվեն: Բոլոր հարցերն էլ քննարկվելու են, եւ պետք է տեսնենք, թե դրանք ոնց ենք լուծում: Կան էլի հարցեր, որոնք մենք էլ ենք առաջ քաշում, իրենք էլ են առաջ քաշում»,-ասաց նա: