Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ Այս մասին նա խոսեց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։
«Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց նոր նախաձեռնության մասին, որն այս պահին քննարկումների փուլում է։ Այն ենթադրում է, որ պետք է ստեղծվի լրագրողների ինքնակարգավորման մարմին, որտեղ լրագրողները հենց իրենք կսահմանեն գործունեության որոշակի կանոններ։