Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։
Մելքումյանն իր հերթին ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Մելքումյանը որպես սպա ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչև գնդապետի կոչման։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Արարատ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրավորվել է։ Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, գրում է Արցախպրեսը։
44-օրյա պատերազմի ժամանակ Արարատ Մելքումյանն զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գնդապետ Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: