Global Firepower-ը հրապարակել է 2023թ համար դիտարկված երկրների ցանկը՝ ըստ բանակի հզորության: Հայաստանն այդ ցանկի 145 երկրների ցանկում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը։ Հարևան պետությունները զբաղեցնում են առավել բարձր դիրքեր: Մասնավորապես, ամենաբարձր դիրքում Իրանն է՝ 17-րդ տեղում, Վրաստանը՝ 85-րդն է, Ադրբեջանը՝ 57-րդը: Առաջատար տերությունների եռյակն է՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց Global Firepower-ի ընդհանրական տվյալներին և ընդհանրական գործակիցներին այնքան էլ լուրջ չվերաբերվել․ «Այնուամենայնիվ, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը 2020-ից հետո շատ է թուլացել այդ ցուցանիշներով։ Այնպես որ որևէ տարբերություն չկա 80-րդ տեղում է Հայաստանը, թե 94-րդ։ Մենք տեսնում ենք, թե որքան է մեր բանակն իր գործակիցները իջեցրել և թե որքան տեղ կա, որպեսզի բանակը հզորանա, իսկ թե Global Firepower-ը ինչ կհրապարակի, դա էական չէ»,-հավելեց Հովհաննիսյանը։
Հարցին՝ արդյոք բանակում փոփոխությունները դանդաղ չեն տեղի ունենում, փորձագետը նշեց, որ բանակում բաներ կան, որ իրական հզորանալու համար արագ լուծումներ չեն կարող լինել, չես կարող վերցնել և մի լավ բարեփոխման ծրագրով կամ օրենքով սպառազինություն ավելացնել։ Բացի այդ, կա նաև կորուստների վերականգնման հարց և շատուշատ այլ հարցեր․ «Չես կարող լավ ծրագիր գրել բանակի համար, և հաջորդ օրը բանակի գործակիցները լավացնել։ Դու կարող ես բանակի մեջ լուրջ գումար ներդնել, բայց արդյունք չունենալ»։
Հովհաննիսյանը, անդրադառնալով Global Firepower-ը հրապարակմանը, նշեց, որ այս հարցումներով ՌԴ-ն շարունակում է մնալ երկրորդ տեղում, բայց հարց է՝ արդյոք ՌԴ բանակը շարունակո՞ւմ է մնալ երկրորդ տեղում, թե ոչ։
Տեսակետ կա, որ մինչև 44-օրյա պատերազմի հանգամանքները չբացահայտվեն, չպատժվեն մեղավորները, մենք բանակի բարեփոխման մասին չենք կարող խոսել։ Փորձագետը նշեց, որ այստեղ կա ճշմարտություն, բայց բաներ էլ կան այնքան ակնհայտ է, որ ոչինչ չանես և սպասես մինչև քննությունն ավարտվի և բոլոր մեղավորները պատժվեն և հետո նոր անցնես բանակի զարգացմանը, ճիշտ չէ։
«Սա ավելի շատ ներքաղաքական դիսկուրս է, և եթե ներքաղաքական դիսկուրսով առաջնորդվենք, իսկ ով է ասել, որ էդ քննության արդյունքը բոլորն ընդունելու են, հայտնվելու են մարդիկ, որ ասելու են, ես գտնում եմ, որ ոչ թե այս մարդն է մեղավոր, այլ մյուսը, և մինչև այս մեկին չհանեք, բանակը չի բարեփոխվի։ Բազմիցս ասել եմ, որ բաներ կան, որ շատ արագ պետք է արվեն, իսկ կան բաներ, որ ուզենք թե չուզենք շատ արագ չեն կարող արվել»,-հավելեց նա։