Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված: Այդ միտքն օրերս արտահայտել է հայ-թուրքական կարգավորման Հայաստանի բանագնաց Սերդար Քըլըչը, ելույթ ունենալով Անկարայի համալսարանի ուսանողների առաջ: Ինչպես հայտնի է, Սերդար Քըլըչը իր դիվանագիտական կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան:
Քըլըչը փաստացի խոսում է այն մասին, որ Հայաստան-Արևմուտք կայուն հարաբերությունը հնարավոր է կառուցել, եթե հայ-թուրքական հարաբերությունները չլինեն փակուղում: Միևնույն ժամանակ սակայն, նա անում է մեկ այլ ուշագրավ ակնարկ, խոսելով այն մասին, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական հաջողությանը: «Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ», ասում է Սերդար Քըլըչը: Թուրք դիվանագետը հայ-թուրքական հարաբերությունը դիտարկում է ոչ միայն Հայաստան-Արևմուտք հարաբերության կայուն հիմք, այլ նաև որոշակի հնարավորություն Հայաստանի ուղղությամբ մեղմել Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հետևանքը և ապահովել հաղորդակցություն Ռուսաստանից Արևմուտք՝ Հայաստանի և Թուրքիայի միջոցով:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ թուրք բանագնացը պարզապես իր երկրի հեղինակությունն է փորձում բարձրացնել.«Ես չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունները առնչություն ունեն Հայաստան-արևմուտք հարաբերությունների հետ։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, այժմ օրինակ, շատ դրական կերպով զարգանում են։ Ի դեպ, դրանք շատ ավելի լավ մակարդակի վրա են, քան թուրք-ամերիկյան հարաբերությունները, որովհետև ի տարբերություն Թուրքիայի պաշտոնյաների, Հայաստանի որևէ պաշտոնյա անհատական պատժամիջոցի ենթարկված չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Չաքրյանը միևնույն ժամանակ գտնում է, որ արևմուտքն առնվազն դեմ չի լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.«Այստեղ խնդիրն այնքան էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն, այլ Ռուսաստան-արևմուտք մրցապայքարն, անհաշտությունն ու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու արևմտյան դիրքորոշումը։ Ուստի Հարավային Կովկասում ընթացող բոլոր գործընթացների նախաձեռնողականությունը արևմտյան կողմը պետք է իր ձեռքը վերցնի։ Նկատի ունեմ թե՛ ԱՄՆ-ին և թե՛ Ֆրանսիային։ Եթե այդ երկուսն իրար հետ վերցնեն նախաձեռնողականությունը, ավելի հեշտ կլինի Ռուսաստանին դուրս մղել, նրա առնչությունը մեր տարածաշրջանի հետ կրճատել։ Դրա համար է արևմուտքը շահագրգիռ։ Էրդողանը 2020 թվականից ի վեր միջնորդներ է փնտրում, որ իրեն հրավիրեն ԱՄՆ, Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպում ունենա, սակայն առ այս պահը՝ ապարդյուն»։
Թուրքագետը նաև չի կարծում, թե ԱՄՆ-ն կողմ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ամեն գնով.«Օրինակ՝ ԱՄՆ-ն չի ուզենա, որ «Զանգեզուրի միջանցք» տրամադրվի, Բայդենն ասել էր, որ Մեղրիի միջանցք չի լինելու։ Այստեղ հակադրություն կա։ Իրենց համար ոչ այնքան առաջնային է հայ-թուրքական հարաբերությունները, որքան Հարավային Կովկասում ծավալվող ազդեցության պայքարից Ռուսաստանի դուրս մղումը կամ նրա առնչությունը հնարավորինս կրճատելը։ Չմոռանանք, որ Թուրքիան հարաբերություններ կարգավորելու համար Հայաստանին առաջադրել է միջազգային պրակտիկայում գոյություն չունեցող նախապայմաններ։ Դա փաստորեն վնասել է նաև արևմուտքի, ԱՄՆ-ի հեղինակությանը, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, թեպետ և ռազմավարական դաշնակից չէ, ընդամենը գործընկեր է։ Այսինքն՝ մինչև վերջերս Թուրքիան վնասում էր արևմուտքի հարավկոսվկասյան հեղինակությանը, իսկ հիմա մտավարժանքներ է անում։ Սակայն ես չեմ կարծում, թե կարող է ամերիկացիներին, ֆրանսիացիներին կամ մյուսներին խաբել»։
Հակոբ Չաքրյանը գտնում է նաև, որ եթե ռուսները Հայաստանի միջոցով փորձեն ճեղքել պատժամիջոցները, մենք կհայտնվենք անելանելի իրավիճակում, ուստի Քըլըչի մեկնաբանություններն այդ հարցով, ըստ մեր զրուցակցի ևս անտեղի են։