
Ֆրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակելու օգտին և դիվանագիտական կապեր է պահպանում Մոսկվայի հետ։
Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք մեր ցանկացած շփումները, ինչպես այլ երկրների հետ», – այսօր LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Ես իմ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպել եմ միջազգային համաժողովների ժամանակ. դուք մասնավորապես հիշատակեցիք Մեծ քսանյակի (G20-ի)՝ նոյեմբերին կայացած համաժողովը:
Մենք ունենք դեսպան Ռուսաստանում և բանակցողներ, որոնք մեկնում են այդ երկիր: Ունենք դիվանագիտական շփումներ. դրանք միշտ չէ, որ հեշտ են, բայց թույլ են տալիս իրականացնել կարծիքների փոխանակում, հաղորդագրություններ փոխանցել, անել հարցումներ և լսելի լինելու հույս ունենալ», – հավելել Է նա:
Միևնույն ժամանակ նախարարը հայտարարել Է, որ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների միջև նոր բանակցությունների շուրջ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն ըստ նրա՝ դրանք հնարավոր են։ Կոլոննան նշել է, որ զրույցի համար հիմք կարող է դառնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը և աջակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ջանքերին: