
Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված: Այդ միտքն օրերս արտահայտել է հայ-թուրքական կարգավորման Հայաստանի բանագնաց Սերդար Քըլըչը, ելույթ ունենալով Անկարայի համալսարանի ուսանողների առաջ: Քըլըչը շոշափում է առանցքային հարց, որը Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարևոր գործոններից կամ բաղադրիչներից մեկն է և որի հանդեպ Հայաստանի ներքին, հասարակական-քաղաքական ուշադրությունն ու ինչ որ իմաստով նաև անկեղծությունը գործնականում զրոյական է: Ինչպես հայտնի է, Սերդար Քըլըչը իր դիվանագիտական կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան:
Այդ հանգամանքը պարզ է դարձնում, թե նա որքան քաջատեղյակ է արևմտյան քաղաքականության բովանդակությանը, ուղենիշներին և հատկանիշներին, ըստ այդմ, երբ Քըլըչը խոսում է այն մասին, որ Հայաստան-Արևմուտք կայուն հարաբերության հիմքը կարող է լինել Հայաստան-Թուրքիա գործընթացի հաջողությունը, այդ խոսքն առնվազն ունի ուշադրության կարիք: Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանում այսպես ասած արևմտյան ուղղության «դիսկուրս» խթանող ուժերի գրեթե մեծամասնությունը այդ «դիսկուրսը» հակադրում է ոչ միայն հայ-ռուսական, այլ նաև հայ-թուրքական ուղղությանը: Իսկ դա այլ բան չէ, քան մի սրությամբ փակուղուց անցում կատարել մեկ այլ սրության փակուղի, կամ մտածել այդպիսի անցում կատարելու մասին:
Քըլըչը փաստացի խոսում է այն մասին, որ Հայաստան-Արևմուտք կայուն հարաբերությունը հնարավոր է կառուցել, եթե հայ-թուրքական հարաբերությունը չլինի փակուղում: Միևնույն ժամանակ սակայն, նա անում է մեկ այլ ուշագրավ ակնարկ, խոսելով այն մասին, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական հաջողությանը: «Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ», ասում է Սերդար Քըլըչը: Փաստացի, թուրք դիվանագետը հայ-թուրքական հարաբերությունը դիտարկում է ոչ միայն Հայաստան-Արևմուտք հարաբերության կայուն հիմք, այլ նաև որոշակի հնարավորություն Հայաստանի ուղղությամբ մեղմել Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հետևանքը և ապահովել հաղորդակցություն Ռուսաստանից Արևմուտք՝ Հայաստանի և Թուրքիայի միջոցով:
Ինչ խոսք, հասկանալի է, որ Թուրքիան իր այդ «ծառայության» համար պահանջում կամ ակնկալում է շատ բարձր գին: Բայց, հենց այդտեղ է հայ-թուրքական կարգավորման հարցում Հայաստանի առանցքային խնդիրը՝ չեզոքացնել այդ գինը և հասնել փոխշահավետ մեխանիզմների, ինչն իհարկե Հայաստանը չի կարող անել առանց թե ԱՄՆ, թե ՌԴ հետ արդյունավետ երկխոսության: Անկասկած է մի բան, որ օրակարգը Հայաստանի համար գործնականում անխուսափելի է, առնվազն քանի դեռ այն տարբեր նկատառումներով, բայց որոշակիորեն պահանջված է նաև Ռուսաստանում ու Միացյալ Նահանգներում: