
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
-Պարոն Հակոբյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին Ամանորի կապակցությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը՝ նկատի ունենալով, որ սա ուղիղ առաջին ուղերձն էր Երևանի կողմից՝ պատերազմից ի վեր։ Բացի սիմվոլիկ լինելուց, քաղաքական քայլ սա կարո՞ղ ենք համարել։
–Փաշինյանը ամանորյա ուղերձը ֆորմալ բնույթ է կրում, որովհետև այս մեկ տարվա մեջ մենք չենք լսել Հայաստանից որևէ հայտարարություն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։Եթե տարվա մեջ լինեին այլ ուղերձներ այն ագրեսիայի հետ կապված, որին ենթարկվել է Ուկրաինան Ռուսաստանի կողմից՝ առ այն, որ Հայաստանն անհանգստացած է իր հայրենակիցների ճակատագրով, անհանգստացած է Ուկրաինայի խաղաղ բնակչության ճակատագրով՝ ամանորյա ուղերձը բնականին մոտ կհամարվեր։ Պատերազմական իրավիճակում հնարավոր չէ իրադարձություններն ընկալել այնպես, ինչպես նախկինում։ Քանի որ Հայաստանից չեն եղել այդ ուղերձները, այժմ ամանորյա այս շնորհավորանքը բացարձակ ֆորմալ բնույթ է կրում և իր մեջ ոչ մի քաղաքական իմաստ չի կարող ունենալ։ Լավ է, որ այն կա, բայց լավ կլիներ, որ լինեին այլ ուղերձներ, որովհետև Հայաստանն Ուկրաինայի հետ ունի երկար պատմություն ու Հայաստանից ուղերձներ էին սպասվում և՛ համայնքի և՛ Ուկրաինայի ժողովրդի կողմից։ Ցավոք սրտի մենք այդ ամենը չենք ստացել։
-Արդյոք Երևանում արմատանում է այն գիտակցությունը, որ Կիևի հետ հարաբերություններ են պետք, քանի որ Ուկրաինան դառնում է առանցքային երկիր։
-Ուկրաինան արդեն դարձել է առանցքային երկիր՝ իր դիմադրությամբ ցուցադրելով, որ պետք չէ վախենալ ռուսական կայսերապաշտական նկրտումներից, այլ պետք է պայքարել՝ սեփական անկախության ու սուվերենության համար։ Տեսնում ենք, որ Հայաստանից Ուկրաինային ուղղված քայլեր չկան։Չկան քայլեր նույնիսկ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված, մինչդեռ շատերն ուղղակի կապ ունեն Հայաստանի հետ ու նման քայլեր սպասում էին։
-Հետխորհրդային տարածքում ժողովրդավարական երկրների և ժողովրդավարությունների առաջնագծում հենց Ուկրաինան է, սա չպե՞տք է մյուս երկրներին իր քաղաքականությունը վերակազմավորելու առիթ տար՝ ամենաառաջինը այն համատեքստում, որ երկկողմ հարաբերությունները երրորդ երկրի դեմ չեն։
–Իհարկե որպես ժողովրդավարական ընկալվող պետություն, Հայաստանը պետք է որ Ուկրաինայի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունենար, ընդհանուր օրակարգ ձևավորեր։ Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Հայաստանն ընդհանուր օրակարգ ունի ԱՊՀ երկրների, ՀԱՊԿ անդամների հետ, սակայն ինչպես երևում է՝ այնտեղի օրակարգը Հայաստանին ձեռնտու չէ։ Դրա համար այո՛, պետք է Ուկրաինայի ուղղությամբ քայլեր ձեռնարկվեին, բայց ցավոք սրտի, այդ քայլերը մենք պատերազմի տաս ամիսների ընթացքում չենք տեսել։Այն իրավիճակն է, երբ Հայաստանի դիրքորոշումը շատերի համար անհասկանալի է։