
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։
-Տիկին Չոբոյան, Ֆրանսիայի տարբեր կուսակցությունների առաջնորդներ և ազդեցիկ քաղաքական գործիչներ «Էմանուել Մակրոնը պետք է ամեն հնարավորն անի երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը» վերտառությամբ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայի ամենամեծ լսարանն ունեցող «Le Monde» օրաթերթում՝ պահանջելով Ֆրանսիայի նախագահի գործուն միջամտությունը ի պաշտպանություն հայերի և Հայաստանի անվտագության ապահովման։ Ի՞նչ եք կարծում, ինչքանո՞վ է ռեալ Ֆրանսիայից գործուն քայլեր ակնկալելը։
–Նախևառաջ պետք է նշեմ, որ սա շատ գնահատելի նախաձեռնություն է։ Անպայման պետք է նշել, որ այդ նախաձեռնության հետևում կան հայկական ուժեր, ավելի շուտ Արցախի ներկայացուցչությունն է այս ամենը կազմակերպել, բայց համենայնդեպս դրական երևույթ է, որ ֆրանսիական տարբեր ուժերի ներկայացուցիչներ և խորհրդարանի ազդեցիկ անդամներ, խորհրդարանի բարեկամական խմբերի անդամներ նման կոչով են հանդես գալիս։ Թե որքանով սա ազդեցություն կունենա, կարծում եմ՝ միջին կարգի ազդեցություն է հնարավոր։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան իր որդեգրած դիրքորոշումից չի շեղվում։ Մի քանի տարի շարունակ քաղաքական ուժերը՝ մասնավորապես պահպանողական աջակողմյան ուժերը, որին հետևում են ձախակողմյան ուժերը, փաստորեն ընդհանուր կոնսենսուսով, հայանպաստ դիրքորոշում են ունեցել։ Սա իհարկե իր ազդեցությունն ունի Ֆրանսիայում հայամետ կարծիքի ձևավորման հարցում, բայց որպեսզի Ֆրանսիան գործնական քայլերի դիմի, այլ ազդակներ են պետք, որոնք այսօր հավանաբար չկան։
Մասնավորապես Ուկրաինայի պատերազմի հետևանքով Ֆրանսիան հետքայլ է արձանագրել։ Օրինակ՝ Մինսկի խմբի վերագործարկման համար կան համազոր մարմին ստեղծելու իմաստով. Այդ առումով Ֆրանսիան առայժմ հետքայլ է արձանագրել։
Մեկ շաբաթ առաջ մոտ երկու հարյուր մտավորականներ, որոնց մեծ կային մեծ համբավ ունեցող մարդիկ, փիլիսոփաներ, արվեստագետներ նույնպես կոչ ուղղեցին, բայց Ֆրանսիայի իշխանությունների այսօրվա դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Փարիզը շարունակում է պնդել, որ հարցը պետք է լուծվի քաղաքական միջոցով, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսություն ծավալվի ֆրանսիական կամ եվրոպական հարթակի վրա։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանի օրինազանցությունները Ֆրանսիայի համար հիմք չեն Ադրբեջանին հանցագործ համարելու համար։ Թեպետ Ֆրանսիայի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում, ի նպաստ Հայաստանի համակրանք պարունակող հայտարարություններով, Ֆրանսիան փորձում է հավասարություն ստեղծել՝ ասելով, որ ինչ էլ պատահի՝ Հայաստանը պետք է խոսի Ադրբեջանի հետ և երկխոսությամբ է, որ պետք է այս խնդիրը լուծվի։
-Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը։
-Սա կարելի է դիտարկել որպես արդյունք այն իրողության, որ Ֆրանսիան տարածաշրջանում կենսական շահեր չունի։ Եվ նույնիսկ գազի ու նավթի գործոնը, որի վրա փորձում է հենվել Ադրբեջանը՝ Ֆրանսիան այս գործոնի հետ ուղիղ կապ չունի։
-Հնարավո՞ր է այստեղ դերակատարություն ունի նաև այն հանգամանքը, որ Հայաստանի կողմից անհրաժեշտ ու բավարար քայլեր չեն արվում՝ ի պատասխան Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման։ Օրինակ՝ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ ու Ռուսաստանի դաշնակից։
–Այդ մասին դժվար է խոսել, որովհետև այսօր արկածախնդրություն կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալ ու ամեն ինչ կապել Ռուսաստանի հետ։ Չեմ կարծում, որ միայն դա է պատճառը։ Շատ նուրբ ու ակտիվ քաղաքականությամբ, միաժամանակ՝ ճկուն ու նպաստակասլաց լինելով Հայաստանը կարող է այդ խնդիրը շրջանցել։ Երկրորդ՝ այստեղ կա նաև Ֆրանսիայի կարգավիճակը համաշխարհային ուժերի հարաբերակցության մեջ։ Ֆրանսիան այսօր չունի այդ կշիռը, գերտերություն է շարունակում մնալ Միացյալ Նահանգները։ Եթե ԱՄՆ-ն իր դիրքորոշումը փոխի Հայաստանի ու Արցախի վերաբերյալ, Ֆրանսիան դրան կհետևի։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանը, ապա մենք այսօր հստակ պատկեր ունենք, թե ինչ է Ֆրանսիան մտածում Արցախի մասին։ Ֆրանսիայի Ծերակույտի, Ազգային ժողովի ընդունած բանաձերի ժամանակ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների ելույթները պետք է լսել։ Կտեսնեք, որ ուզում են տարբերություն դնել խորհրդարանական գործընթացի ու պետական քաղաքականության միջև։ Այս բոլորը մնում են հասարակական-քաղաքական կուսակցությունների մակարդակում, պետական մակարդակի վրա քաղաքականությունը բոլորովին տարբեր է։ Ես կարծում եմ, որ մեկ խնդիր չէ, շատ ավելի բարդ ու լայն ձևով պետք է դիտարկել այս խնդիրը։
Պարզ օրինակ՝ Վրաստանը ՀԱՊԿ անդամ չէ, ու՞ր է Վրաստան ուղարկված ռազմական օգնությունը։ Մենք տեսանք, թե պատերազմի ժամանակ ինչ եղավ։ Այսօր նկատելի էլ չէ, թե ինչ մակարդակի վրա են Վրաստանի ու Եվրոպական միության հարաբերությունները։ Այդպիսի առաջարկներ անելուց առաջ պետք է նայել, թե մեր շուրջը գտնվող երկրների միջև ինչպիսի հարաբերություններ են։ Ֆրանսիայում իհարկե հակաթուրքական տրամադրություններ կան, որովհետև իսկապես Թուրքիան շատ մեծ օրինազանցություններ է թույլ տվել ու հակաֆրանսիական գործունեություն ծավալել, բայց այսօր Թուրքիայի կարիքն ունեն։ Եվ սա միայն Ֆրանսիային չի վերաբերում, այլ ամբողջ Եվրոպային։ Հետևաբար այնքան էլ պարզ իրավիճակ չէ, խնդրի լուծումը մեկ բանի վրա չէ հիմնված։ Ամենակարևոր գործոնը տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային վիճակն է։ Ուկրաինայի դեմ պատերազմի բերումով հակառուսական տրամադրությունները շատ ավելի մեծ գործոն են։ Արևմուտքն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը թուլանա, բայց Ռուսաստանի թուլացումով ի՞նչ կշահի Հայաստանը, սա պետք է լավ քննարկել։ Եվ եթե Հայաստանն այսօր հեռանա Ռուսաստանից, անմիջապես ի՞նչ անվտանգության երաշխիքներ կստանա։ Ասում եմ՝ անմիջապես, որովհետև ժամանակը շատ կարևոր է։ Այսինքն՝ անմիջապես ինչպե՞ս է փոխարինվելու ռուսական ներկայությունը Հայաստանում։ Սա մեծ մտահոգություն է, այնպես որ այդ խնդիրը շատ պարզունակ ձևով չպետք է դիտարկել։