
ՀՀ կառավարությունը 244 միլոն 892,7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման եւ բուժսարքավորումների ձեռքբերման համար։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նշված ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են Սեւանի ԲԿ մասնաշենքի, Վարդենիսի պոլիկլինիկայի շենքի տանիքները, տեխնիկապես վերազինվում են Մարտունու ծննդատունը, Մարտունու, Վարդենիսի, Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոնները, Ճամբարակի առողջության կենտրոնը, Լիճքի, Սարուխանի, Կարմիրգյուղի, Լճաշենի, Աստղաձորի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Զոլաքարի, Ծովինարի, Երանոսի, Լուսակունքի, Դպրաբակի Նորատուսի, Դդմաշենի, Ծակքարի, Ներքին Գետաշենի, Մեծ Մասրիկի, Ծովակի բուժամբուլատորիաները կամ առողջության առաջնային պահպանման կենտրոնները։
«Անչափ կարեւոր ծրագիր է իրականացվում մարզի առողջապահական ոլորտում։ Արդեն սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, ընթանում է նաեւ տեխնիկական վերազինման գործընթացը։ Տեխնիկական վերազինումների արդյունքում մարզի բուժհիմնարկներում կներդրվեն նոր ծառայություններ, կբարձրացվի բուժսպասարկման որակը, էապես կկրճատվի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը։