
Այս օրերին Հայաստանում հաճախ է հնչում արտերկրում Ադրբեջանի դեսպանատերը շրջափակելու միտք, ուղղված սփյուռքի հայրենակիցներին: Առաջին հայացքից կամ «առաջին ականջից» միտքը իսկապես գայթակղիչ է, բայց որքա՞ն է լինելու դրա գործնական ազդեցությունը կամ արդյունավետությունը: Սա մեղմ ասած հարց է, առավել ևս, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջանն այսօր ունի «սիմետրիկ» պատասխաննի ոչ պակաս հնարավորություն: Ըստ այդմ, եթե դիտարկում ենք հայկական սփյուռքի աջակցության հնարավորությունը՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշման տեսանկյունից, թերևս պետք է դիտարկենք ասիմետրիկ տրամաբանությամբ գործողությունների կամ նախաձեռնությունների հնարավորությունը: Այլ կերպ ասած, շատ կարևոր է կենտրոնանալ խնդրի վրա, թե հնարավո՞ր է արդյոք հայկական սփյուռքի մասնակցությամբ և օժանդակությամբ ձևավորել դիվանագիտական «առաջանցիկ» տրամաբանությամբ գործընթաց, որը ոչ թե կլինի Ադրբեջանի թելադրած խաղի տրամաբանության շրջանակում, այլ կկարողանա ձևավորել նոր տրամաբանությամբ զուգահեռ գործընթաց՝ միջազգային քաղաքական շրջանակների հետ հարաբերության առումով, ինչը Բաքվին կստիպի գնալ դրա հետևից, այլ ոչ թե իր «հետևից քաշել» Հայաստանն ու Սփյուռքը:
Այստեղ իհարկե բախվում ենք հայկական օրգանիզմի կամ այսպես ասած հայկական աշխարհի» համար հավերժական խնդրի՝ ներկուսակցական, ներխմբային և ներանձնական գզվռտոցի: Այդ երևույթը հաջողվել է հաղթահարել հազվադեպ հայկական կառույցներում և միավորներում,որոնք նույնիսկ այնքան քիչ են, որ կարող են դիտվել կանոնը հաստատող բացառություն: Մինչդեռ, գուցե արժե հենց այդ օրինակների վրա կառուցել որոշակի աշխատանք, որը թույլ կտա «բացառությունը» բերել կայուն գործընթացի դաշտ և դրա վրա կառուցել ընդհանուր գործողությունների միջավայր, երբ կարող են ձևավորվել ոչ թե ընդհանուր հայացքներ, այլ տարբեր հայացքների մեկտեղման ընդհանուր նպատակներ: Հակառակ պարագայում, Սփյուռքին ուղղված կոչերը կամ ակնկալիքները՝ բողոքել, շրջափակել, փակել, ավելի շուտ վկայում են ռազմավարական ստագնացիայի մասին, որ առկա է ոչ միայն հայաստանյան, այլ սփյուռքյան միջավայրի գերակշռող մասում: