
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է 2 միլիարդ գրիվնա (մոտ 54,35 միլիոն դոլար) արժողությամբ երկաթի հանքաքարի խմբաքանակի կալանադրման մասին, որն, ըստ գերատեսչության, պատկանում է ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովին։ Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությունը:
«Քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Ռուսաստանի Դաշնության ընդհատակյա պահեստների գտնվելու վայրը, որտեղ պահվել է ավելի քան 160 հազար տոննա ուկրաինական երկաթի հանքաքար։ Պարզվել է, որ հայտնաբերված երկաթի հանքաքարի խմբաքանակը պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի ընկերությանը»,- ասված է ՈւԱԾ-ի հաղորդագրության մեջ։ ՈւԱԾ-ի տվյալներով՝ հումքը հայտնաբերվել է Ուկրաինայի մի քանի ծովային նավահանգիստների տարածքում, դրա ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 2 միլիարդ գրիվնա:
Հատուկ ծառայությունը հայտնում է, որ առգրավված ունեցվածքի վրա կալանք է դրվել, որոշվում է այն Կոռուպցիայից և այլ հանցագործություններից ստացված ակտիվների հայտնաբերման, հետախուզման և կառավարման հարցերով ազգային գործակալությանը փոխանցելու հարցը։ ՈւԱԾ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից հետո Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից։ Փետրվարի 28-ին գործարարը ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։ Այս ցուցակում ներառված անձանց մուտքը ԵՄ արգելված է, իսկ նրանց ակտիվները ԵՄ-ում սառեցված են: Ուսմանովի դեմ պատժամիջոցներ են սահմանել նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի կառավարությունները: