
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները:
Հանդիպման ավարտին երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը 2020 թվականի հուլիսին է պետռեգիստրում գրանցվել և որպես հասարակական կազմակերպություն ակտիվ գործունեություն է ծավալում Արցախում.«Մենք ունենք սպաներ, որոնք 25-30 տարի հայրենիքին ծառայել են, ունեն բարձրագույն ակադեմիական կրթություն, այժմ անցել են թոշակի, փորձում ենք իրենց ներուժը ևս մեր պետականության, անվտանգության պահպանման գործում օգտագործել։ Տեղի ունեցած հանդիպումը հերթականն էր։ Որպես հասարակական կազմակերպություն մենք կապ ենք պահպանում թե՛ իշխանությունների և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ»,-տեղեկացրեց նա:
Ասլանյանը փոխանցեց, որ պարբերաբար իրենց առաջարկությունները ներկայացնում են իշխանություններին, տարբեր այլ կառույցներին.«Երեկվա հանդիպման հիմքն էլ հենց դա էր։ Գաղտնիության ռեժիմը պահպանելու համար ոչ բոլոր մանրամասները կհայտնեմ, որպեսզի մեր երկրի անվտանգությանը չվնասենք»։
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց առաջարկությունների մեծ մասն ընդունվում է։ Կարմեն Ասլանյանն ասաց՝ այս պահին ստեղծված իրավիճակում բոլորը պետք է համբերատար լինեն.«Շատ փակագծեր չբացենք, բայց ամեն դեպքում նշեմ, որ Արցախի հետագա ճակատագիրը որոշվելու է Արցախում ապրող բնակչության քանակով։ Ով արցախահայության, Արցախի մասին մտածում է,պետք է իմանա, որ ինքն իր ընտանիքի հետ միասին այստեղ ապրելով կարող է Արցախը փրկել։ Այս դժվար ժամանակաշրջանում հավատացեք՝ Արցախը փրկելով, փրկելու ենք ողջ հայ ժողովրդին։ Դրա համար մենք միասնական պետք է լինենք՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում այս ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ պետք է բարձրաձայնվի։ Աշխարհը պետք է իմանա, որ այս պետությունը թեկուզև չճանաչված է, բայց գտնվում է շրջափակման մեջ, բայց իր իրավունքների համար պայքարում է։ Հուսով եմ, որ այդ պայքարը հասանելի կլինի գերտերություններին և մենք կկարողանանք այս ճգնաժամային իրավիճակը հաղթահարել։Այս պարագայում չեմ ուզում խոսել պատերազմի վտանգի մասին, բայց միայն մեր ճիշտ քայլերով կկարողանանք ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարել»։
Ասլանյանը նաև ընդգծեց, որ բոլորին էր հայտնի, որ 2020 թվականից հետո նման իրավիճակներ կարող է ստեղծվեին.«Եռակողմ համաձայնագրի հիմքը Արցախի բնակչության անվտանգության ապահովումն է, բայց ցավոք սրտի, 2020 թվականի դեկտեմբերի 12-ից հետո եղավ Խծաբերդի, Հին Թաղերի դեպքերը։ Այդ դեպքերից հետո այստեղ ապրողներին հասկանալի է, թե ինչ վտանգներ են սպառնում մեզ։ Ամեն դեպքում՝ այդ վտանգներին դիմագրավելու հիմնական պայքարն այստեղ մեր բնակվելով է։ Մենք պետք է կարողանանք մեր մարդկային ռեսուրսն ապահովենք, այնպիսի պայմաններ ստեղծենք, որ Արցախում ապրելը՝ չնայած անվտանգության տեսակետից բարդ է, բայց միայն ապրելով և ոչ ֆեյսբուքյան գրառումներով կփրկենք մեր հայրենիքը։Արցախի բնակչության թիվն է որոշելու հայ ժողովրդի լինել-չլինելը»,-եզրափակեց նա։