Երեկ` դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Սայաթ-Նովա փողոցում տուն է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի թիվ 150 երկհարկանի տանն առաջացած կրակի դեմ մեծ դժվարությամբ պայքարել են տան ամուսինը, նրա թոշակառու հայրը, հարևանները, ապա ժամանած հրշեջների հետ կարողացել են մարել կրակը, սակայն տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, գրեթե ոչինչ հնարավոր չի եղել փրկել։
Հրդեհի պահին տան անդամները եղել են հիվանդանոցում, քանի որ նրանց նորածին տղան առողջական խնդիրներ է ունեցել ու գտնվելուց է եղել «Դիլիջան» բժշկական կենտրոնում, հայրն էլ մեկնել է հիվանդանոց, որպեսզի երեխային կնոջ և մյուս երեխայի հետ դուրս գրեն հիվանդանոցից։
Հիվանդանոց մեկնելուց առաջ հայրը տան փայտե վառարանի մեջ ցախ է դրել, որպեսզի տունը տաքանա, որ երբ կնոջն ու երեխաներին հիվանդանոցից բերի տուն, տունը տաք լինի։ Հիվանդանոցից գալով հայրն ականատես է եղել, թե ինչպես է տունը կրակի լեզուները մոխրակույտի վերածում։
Գ. Շամշյանի հետ զրույցում տան տերը, նրա հայրը, հարևանները ասում էին.
«Չգիտենք՝ ում դիմենք, այն, որ մեր միամտության հետևանքով է հրդեհ բռնկվել, դա ցավալի իրողություն է, բայց դե միտումնավոր հո չի՞ արվել, մտածել էի էրեխեքիս հիվանդանոցից բերեմ, տունը նախօրոք տաքացնեմ, դրա համար էլ վառարանը նախօրոք փայտով վառել եմ, բայց հետո հիվանդանոցից հետ գալուց տեսանք, թե ոնց է կրակը վայրկյանների ընթացքում տունը վերածում մոխրի։
Դիմել ենք Դիլիջանի քաղաքապետարան, պատասխանել են, թե ֆինանսական միջոցներ չկան, բայց կփորձենք օգնել։
Անկեղծ ասած՝ վստահ չենք, որ Դիլիջանի քաղաքապետարանն էս տեսակ սոցիալապես անապահով ընտանիքին կօգնի։
Մեր հույսը բարեգութ ու սրտացավ մարդիկ են։ Ճիշտն ասած, մենք գումար չենք էլ խնդրում, եթե էս ընտանիքին շինանյութով, փայտով, շիֆերով, ցեմենտով ու ավազով օգնեն, մենք հարևաններով կմիանանք ու գոնե տանիքի հարցը կլուծենք։ Գույքը ու տան ներսում եղածը նորից կստեղծեն, էս ընտանիքը քրտինքով ապրող, հալալ վաստակող ընտանիք է ու հիմա նայում ենք, թե ներսում ինչ է կատարվել կրակից հետո, նույնիսկ լաց լինելով ասում ենք` կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Խնդրում ենք բարեգութ մարդկանց, ով ինչով հնարավոր է օգտակար լինեն այս ընտանիքին։ Ընտանիք, որը Դիլիջանում հարգանքի է արժանի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքի ամուսինը՝ 33-ամյա Հարություն Թամրազյանը, նրա կինը` Սյուզաննա Ավագյանն ու 2 անչափահաս երեխաները այս պահին գտնվում են բաց երկնքի տակ, թեպետ հարևաններն ու բարեկամները ինչ հնարավոր է անում են՝ նրանց ցավը մեղմացնելու համար։