
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» (ԳՀՀԾ) տեքստը պատրաստ է կնքման, սակայն Վաշինգտոնի «ոչ կառուցողական գործողությունների» պատճառով գործարքը չի կնքվել, մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին: Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին հայտարարել էր, որ ամերիկյան կողմը մտադիր է ուշադրությունը կենտրոնացնել Իրանին վերագրվող զենքի մատակարարումների և երկրում տեղի ունեցող բողոքների, այլ ոչ թե միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների վրա, որոնք, ըստ Վաշինգտոնի, փակուղի են մտել:
«Ընդհանուր առմամբ, համաձայնագիրը պատրաստ է կնքման կողմերի միջև բանակցությունների հիման վրա, մինչդեռ ամերիկյան կողմի ձգձգումը հանգեցրել Է այն բանին, որ համաձայնագիրը չի կնքվել: ԱՄՆ-ի ոչ կառուցողական գործողությունները հանգեցրել են համաձայնագրի ձգձգմանը»,- ասել է Քանաանին:
Նրա խոսքով, եվրոպական ու ամերիկյան կողմերի գործնական քայլերի դեպքում համաձայնագիրը կարող Է կնքվել։ «Համաձայնագրի ճանապարհը բաց է», – նշել է իրանցի դիվանագետը։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին միջուկային համաձայնագիր՝ ՀԳործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։ Վիեննայում անցկացվել են ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության են եկել համաձայնագրերի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմն ընդգրկել Է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանիի խոսքով, բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը որակել Է որպես համեստ՝ կոչ անելով Թեհրանին՝ հարցին լուրջ մոտենալ:
Օգոստոսի 22-ին Իրանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղարկել Է իր պատասխանն իրանական միջուկային գործարքի վերականգնման համաձայնագրի նախագծի առաջարկված տեքստի վերաբերյալ, ինչպես նաև բանակցություններում կարծիք հայտնել «մյուս հարցերի» մասին: ԵՄ-ն կառուցողական է համարել Իրանի արձագանքը միջուկային գործարքի առաջարկին և հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ խորհրդակցում են հետագա քայլերի շուրջ: Իրանական կողմը ԱՄՆ-ից պատասխանն ստացել է օգոստոսի 24-ին։