
Դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը Սուրբ Պետրոսի հրապարակի կենտրոնական պատշգամբից հնչեցված Սուրբ Ծննդյան ուղերձում, որը Պապի կարգավիճակում Ֆրանցիսկոս Առաջինի տասներորդ ուղերձն է, խոսել է մարդկությանը անհանգստացնող «պատերազմի սառը քամիների» մասին եւ կոչ արել անհապաղ դադարեցնել «Ուկրաինայում տեղի ունեցող անիմաստ պատերազմը»: Ավելի վաղ, օրեր առաջ, Վատիկանի ղեկավարն ու Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը ասել էր, որ տեղի է ունենում համաշխարհային պատերազմ եւ ինքը չի տեսնում դրա մոտալուտ ավարտի հեռանկար: Այդուհանդերձ, Պապը իր ուղերձում կոչ է արել նայել երեխաների աչքերին, որոնք ամբողջ աշխարհում ծարավ են խաղաղության:
Ֆրանցիսկոս Առաջինը իր ուղերձում խոսել է ոչ միայն Ուկրաինայի, այլ հակամարտությունների ու թեժ, լարված իրավիճակների այլ «հասցեների» մասին՝ Սիրիա, Մյանմա, Իրան, Հաիթի, Աֆրիկա, Պաղեստին եւ Իսրայել: Հռոմի Սրբազան Քահանայապետի Ծննդյան ուղերձը հնչել է այն օրերին, երբ Արցախի հազարավոր մանուկների աչքերը եւս ակնկալում են խաղաղություն եւ ուշադրություն աշխարհից, ակնկալում են աջակցություն այդ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու հարցում, որ արգելափակել է Ադրբեջանը եւ շրջափակման ու մարդասիրական ճգնաժամի ու աղետի ենթարկել Արցախը: Բայց, Հռոմի Պապի ուղերձում չի հնչել Արցախ, կամ Լեռնային Ղարաբաղ: Իհարկե, մինչ Վատիկանի ուղղությամբ այդ կապակցությամբ հարց հասցեագրելը, անհրաժեշտ է հարցեր հասցեագրել նախ այն ինստիտուտներին, որոնք պետք է աշխատեին Վատիկանի ուղղությամբ՝ արցախյան խնդրի հանդեպ Պապի ուշադրությունը գրավելու, ավելացնելու, այն միայն Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ կոչի շրջանակում չթողնելու, նաեւ Սուրբ Ծննդյան ուղերձի տեքստ՝ Սուրբ Պետրոսի հրապարակի կենտրոնական պատշգամբ «դուրս բերելու» համար: Իսկ այդ կառույցները, որոնք պետք է հարց ուղղել, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն են՝ Երեւանի Շահումյան հրապարակից մինչեւ Վատիկանում Հայաստանի դեսպանության խողովակ, եւ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը:
Հերթական անգամ արդիական հնչում է հարցը, թե ինչու՞ ՀԱԵ առաջնորդ Գարեգին Երկրորդը չմասնակցեց սեպտեմբերի 14-ին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի կրոնական առաջնորդների համաժողովին, որին մասնակցելու համար Աստանա մեկնեց նաեւ Հռոմի Պապը՝ ընդ որում ունենալով տեղաշարժի առողջական խնդիրներ: Ինչու՞ Էջմիածինը բաց թողեց Վատիկանի հետ բարձր մակարդակի հաղորդակցության հնարավորությունը, թե՞ հնարավորությունն օգտագործելու ակտիվ ջանքը եղել է, իսկ արձագանք՝ ոչ: Այդ հարցադրումների առնչությամբ չկա ՀԱԵ որեւէ արձագանք, թեեւ բացառությամբ թերեւս Առաջին լրատվականի, հարցադրումը այս ընթացքում գործնականում չի ունեցել հասարակական-քաղաքական որեւէ շրջանառություն: Միաժամանակ, պաշտոնական Երեւանը դրե՞լ է Լաչինի միջանցքի հարցն ու ընդհանրապես հայ-ադրբեջանական, արցախյան հակամարտության խնդիրը Վատիկանում բարձր մակարդակով առաջ տանելու հարց, նպատակ, ձեւակերպե՞լ է օրակարգ եւ իջեցրել համապատասխան ակտիվ աշխատանքի հանձնարարական Վատիկանում Հայաստանի դեսպանին:
Կատարվե՞լ է այդ աշխատանքը, եթե դրվել է խնդիր: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կայացրեց Վատիկանում դեսպանություն հիմնելու որոշում, թեեւ մինչ այդ էլ Բաքուն աշխույժ աշխատել է Վատիկանի ուղղությամբ: Անդրադառնալով Բաքվի որոշմանը, արտահայտվել եմ, որ դա նոր մարտահրավեր է Հայաստանի համար, որը պետք է ընդունել եւ աշխատել այն չեզոքացնելու դեմ, որովհետեւ պարզապես ավելորդ է խոսել այն ոչ միայն հոգեւոր առանցքային, այլ նաեւ տնտեսա-քաղաքական հիմնարար նշանակության մասին, որ ունի Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդն ու Վատիկանի ղեկավարը համաշխարհային գործընթացներում: Անցնող տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այց կատարեց Վատիկան, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղի պաշտոնյաների հետ, սակայն այցերը հարաբերությունների եւ աշխատանքի մի կողմն են միայն, ընդ որում ամենեւին ոչ ամենօրյա կողմը: Հատկապես, որ համաշխարհային իրողություններում հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր: Հետեւաբար հարց է առկա, թե որտեղ է այսօր Հայաստանը Վատիկանում: