
Դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Վահրամ Ե-ի վարած Opel մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Գիա Ք-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գիա Ք-ն, նրա ուղևոր` Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Օտարի Վ-ն, Opel-ի վարորդ Վահրամ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ Վահրամ Ե-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 26-ամյա Նաիրա Մ-ն, 5-ամյա Լիաննա Ե-ն և 5 ամսական Լեո Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։ Օպերատիվ են գործել Ալավերդու և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և նշված բժշկական կենտրոնների բուժանձնակազմի, հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյուքնում հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։