
Ըստ ամենայնի ավելի նպատակահարմար կլինի, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, դրա տարբեր ներկայացուցիչներ ավելի քիչ արտահայտվեն այն մասին, թե դժգոհ են ՌԴ այս կամ այն արտահայտությունից, որովհետև դաշնակից երկրից սպասելի է ավելին: Ի վերջո, այդքան էլ լավ չի լինի, եթե հանկարծ ՌԴ-ն որպես «դաշնակից» երկիր սկսի բավարարել Հայաստանի «ակնկալիքները»՝ իհարկե հայտարարությունների մակարդակով, ու սկսի որպես դաշնակից էլ Երևանից նույնն ակնկալել իր հերթին՝ որպես դաշնակից: Հազիվ թե Հայաստանի համար նպատակահարմար է կանգնել մի իրավիճակի առաջ, երբ հռետորաբանության մակարդակում կարող է ակնկալվել այդօրինակ «հավասարություն»: Ըստ այդմ, թերևս չարժե գործել «կրակի հետ խաղի» տրամաբանությամբ, առավել ևս, երբ ակնառու է, որ ընդհանրապես լայն իմաստով հռետորաբանությունն ու իրական քաղաքականությունը այսօր հարաբերական են ամբողջ միջազգային շրջանակում, քանի որ կա չափազանց արագ փոխվող իրականություն: Եվ այդ ամենը նաև այն դեպքում, երբ, եթե մոտ տասնամյակ առաջ քչերի համար էր ակնառու, որ ՌԴ-ն գործնականում դաշնակից չէ, որովհետև ունի էապես տարբերվող շահեր և դրանք գուցե ավելի շատ են, քան ընդհանուր շահերը (կան անշուշտ նաև այդպիսիք), ապա հիմա դա պարզ է թերևս բոլորին: Այդ՝ «իբրև դաշնակից ակնկալում ենք կամ էինք ավելին» արտահայտությունները, չունեն որևէ քաղաքական կշիռ և արժեք, այլ թերևս զուտ ներքին քարոզչական հնարամտություն են, ինչը սակայն պարունակում է արտաքին բավականին նուրբ ռիսկեր: Առավել ևս, երբ այդ նույն արտահայտությունների հեղինակները հետո զանազան հայ-ռուսական կամ եվրասիա-հապկային հարթակներում ունենում են լիովին այլ տրամաբանությամբ ելույթներ:
Միևնույն ժամանակ, մեծ հաշվով, ըստ իս, ՌԴ հանդեպ պաշտոնական Երևանի կոշտ հայտարարությունները ոչ միայն լուրջ անհանգստություն չեն Ռուսաստանի քաղաքականության մշակների համար, այլ գուցե նույնիսկ որոշակիորեն «պահանջված» են այդ շրջանակում, քանի որ ստեղծում են քարոզչական «համարժեք կոպեկով» վերադարձնելու հնարավորություն: Դա արվում է ոչ միայն անմիջականորեն Ռուսաստանից, այլ Հայաստանում տարբեր խմբերի և շրջանակների միջոցով: Հանրագումարում, Հայաստան-Ռուսաստան հարաբերության մակարդակում քաղաքական աշխատանքը մնում է գրեթե զրո, փոխարենը յուրաքանչյուր կողմի տարբեր խմբեր լուծում են նեղ շրջանակի հարցեր և վաստակում առավելապես քարոզչական միավորներ, ակնկալելով «փոխանակել» դրանք հարմար որևէ վայրում: Իսկ դրանք որպես կանոն լինում են վայրեր, որտեղ քաղաքականությունը եթե անգամ կա, ապա լոկ ցուցանակային, այլ ոչ իրական: Իրական քաղաքականությունը բոլորովին այլ տեղ է և պահանջում է բոլորովին այլ մտածողություն ու մտահայեցողություն:
Լուսանկարը` Հրայր Բադալյանի