Երկրագիտական թանգարանի տնօրեն, հնագետ Համազասպ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ին ցույց է տվել Բենիամինում կատարված կարևորագույն պեղումները։
«Այս շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1200 քմ: Սա մ.թ.ա. առաջին դարի եռանավ, այսինքն երկու սյունաշարերով երեք նավերի բաժանված դահլիճ է: Գոյություն ուներ կարծիք, որ եռանավ կառույցները Հայաստան մուտք են գործել քրիստոնեության հետ, սակայն մենք այստեղ ունենք մ.թ.ա. առաջին դարի սկզբի եռանավ կառույց, որն ունի մի առանձնահատկություն ևս. Սյուների թռիչքը պատերից և իրարից, կազմում է մոտավորապես 1 մետր 75 սմ, բացի կենտրոնական երկու սյուների, որոնց թռիչքը կազմում է մոտ 4 մետրի: Սա մեզ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ոչ միայն եռանավ, այլև եռանավ կենտրոնագմբեթի հետ, որը հետագայում դարձավ մեր քրիստոնեական ճարտարապետության հիմքերից մեկը»,-ասել է նա:
Հուշարձանը, նրա խոսքով, ունի մի առանձնահատկություն ևս. ժամանակի ընթացքում նա տարածվել է ոչ թե չորս կողմի վրա, այլ միշտ զարգացել է դեպի արևելք: «Այստեղով հոսել է ջուր: Համենայնդեպս, մենք ունենք մի ցամաքած հունի լավ պահպանված հետքեր՝ ջրի կողմից փայլեցված քարերով: Հավանաբար ջուրը տեղափոխվել է արևելք և բնակավայրը ջրի հետևից գնացել է նույն ուղղությամբ»,-պտմել է նա: