
Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործանախարար Լավրովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, թե Վարդանյանը պետք է ՛անհապաղ լքի Ղարաբաղը: Իր հերթին Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին՝ ասելով, թե ուրախ է, որ իր անձի շուրջ կա նման հետաքրքրություն. «Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը հակադարձում է Ռուբեն Վարդանյանին. «Նախ՝ երբ նա ՀՀ իշխանություններից բողոքում է, թող ասի՝ ՀՀ իշխանությունից ինչ է ակնկալում, որ անեն, իսկ դժգոհել թե չեն անում, դա 7-րդ դասարանի աշակերտի վարքաբանություն է»:
Սուքիասյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմեց և Արցախի հարցը բերեց միջազգային հարաբերությունների ոլորտ.
«Ավելի մեծ հնարավարություն, որ Արցախի հարցը բերվեր քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ, էլ ի՞նչ է ուզու: ՀՀ անելիքը դիվանագիտության ոլորտում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է: Հայաստանն անում է իր մաքսիմումը: Եվ Ռուբեն Վարդանյանը, ընդհակառակը, պետք է շնորհակալ լինել ՀՀ-ից»,-հավելեց Սուքիասյանը:
Անդրադառնալով Բայրամովի և Լավրովի՝ Վարդանյանին ուղղված դիտարկումներին՝ քաղաքագետը նշեց, որ հավանաբար որոշել են նրանից ֆիգուր սարքել, քանի որ ակնհայտ է, որ մեր ժողովրդի մոտ նա հեղինակություն չունի, հինգերորդ շարասյուն կոչված խորհրդարանական ընդդիմությունն էլ որևէ քայլ չի անում:
Քաղաքագետը խորհուրդ է տալիս Ռուբեն Վարդանյանին, որը «Ավրորա»-ի հիմնադիրներից է, Ավրորայի միջոցով արագ նման միջոցառում կազմակերպի և SOS-ով դիմի աշխարհին, որ Արցախը շրջափակման մեջ է.
«Նա փառահեղ անգլերեն գիտի, որն օգտագործում էր հայ ժողովրդի մոտ զարգացած կերպար երևալու համար, բացի այդ, նա մեծահարուստ է, և թող BBC-ին վճարի և տասը րոպեանոց ելույթ ունենա կամ այլ միջազգային լրատվամիջոցների: Բայց ինքը հրահրում է կոնֆլիկտ, Թուրքիայի և նրա շան ձագի՝ Ադրբեջանի ուզածը պատերազմի մեջ Հայաստանին ներքաշելն է, որտեղ Հայաստանը շանս չունի: Այստեղ իրենք խաղում են մեր ժողովրդի հուզական լարերի վրա, քանի որ Արցախում մեր հայրենակիցներն են: Միջանցքի բացելու հարցը մեկ օրվա հարց չէ, սա երկրորդ շնչառության հարց է, պետք է տեղեկատվական և հոգեբանական գրոհ լինի, և Ռուբեն Վարդանյանը այդ հնարավորություններից ամենաշատը ունի: Թաթարական ոգու առաջնորդությամբ թող նա դիմի ՌԴ-ին, թող ասի՝ ինչու են այսքան քաղաքացի պատանդ»:
Սուքիասյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի առաջին ֆունկցիան ՌԴ-ին դիմելն է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ հայտարարություն է, որի «ճարտարապետը» ՌԴ-ն է.«ՀՀ իշխանություններն անընդհատ դիմում են ՌԴ-ին, թող ինքն էլ ասի՝ սատար է կանգնում ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը, իր նպատակը Արցախը չէ, իր նպատակը կոնֆլիկտ հրահրելն է, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, որտեղից Հայաստանը չի կարող դուրս գալ»: