
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատը ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում հաստատեց Հայաստանում Նահանգների նախկին դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը: Երեք տարի Հայաստանում պաշտոնավարած դիվանագետը իր առաքելությունը փաստորեն կշարունակի թե աշխարհագրական, թե դիվանագիտական-քաղաքական համատեքստի առումով Հայաստանից ոչ միայն ոչ հեռու, այլ ինչ որ իմաստով նաև շատ մոտ: Այդ հանգամանքը Հայաստանի համար թերևս չի կարող չունենալ նշանակություն, կամ գուցե՝ չի դիտվել որոշակի հնարավորություն:
Ինչի՞ մասին է խոսքը, կամ ինչի՞ մասին կարող է լինել այն: Դեսպան Թրեյսին իհարկե Մոսկվայի ամերիկյան դեսպանատանը պաշտպանելու է Միացյալ Նահանգների շահն ու հետաքրքրությունը, ձգտելու է առաջ մղել այն: Իսկ հաշվի առնելով այն, որ ներկայումս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գտնվում են պատերազմական դիմակայության մեջ, բարեբախտաբար՝ գոնե ոչ ուղիղ, դեսպան Թրեյսիի մոսկովյան առաքելությունը լինելու է բավականին բարդ ու լարված: Արդեն իսկ առկա է դրա առաջին նախանշանը: ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավարը հայտարարել է, թե խորհուրդ չեն տա Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին միջամտել ՌԴ ներքին գործերին՝ «քաղհասարակության հետ աշխատանքի» անվան տակ:
Առաքելությունն անշուշտ լինելու է շատ բարդ, միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ այդուհանդերձ պրակտիկայում գոյություն ունի նաև ամերիկա-ռուսական փակ շփումների իրողությունը, որը կողմերն ընդունել են նաև պաշտոնական մակարդակում, հաստատելով օրինակ դրա «թուրքական» կամ «ստամբուլյան» դրվագների մասին տեղեկությունները: Սա թույլ է տալիս դիտարկել այն հնարավորությունը, ինչի հեռանկարի մասին Հայաստանը կարող է առնվազն մտորել դեսպան Թրեյսիի մոսկովյան նշանակման առիթով: Մասնավորապես, կարո՞ղ է Հայաստանում երեք տարի աշխատած, ու այդ համատեքստում թերևս նաև հայ-ռուսական հարաբերության բնույթին բավականին ծանոթացած դեսպանը նոր վայրում իր ամերիկյան դիվանագիտական ծառայության շրջանակում օգտակար լինել Հայաստանի հարցում ռուս-ամերիկյան շատ, թե քիչ սուր անկյունները հարթելու խնդրին: Թերևս կարող է, եթե դա բխի ԱՄՆ հետաքրքրությունից ու շահից, որովհետև հասկանալի է, որ դեսպանը գործելու է այդ, ոչ թե Հայաստանին ծառայություն մատուցելու կամ բարեգործություն անելու տրամաբանությամբ: Իսկ արդյո՞ք այդ հանգամանքը կարող է լինել ԱՄՆ հետաքրքրության շրջանակում, եթե ԱՄՆ-ը ներկայումս ազդեցության համար թեժ դիմակայության մեջ է ՌԴ հետ, և այդ դիմակայությունը ներառում է նաև Կովկասը: Այստեղ հարկ է անել երկու արձանագրում:
Նախ, Հայաստանի համար ինքնին ռազմավարական խնդիր պետք է լինի Նահանգներում այդ մոտեցումը ձևավորելը, որ Հայաստանը ամերիկա-ռուսական դիմակայության, ռազմա-քաղաքական թեկուզ անուղղակի պատերազմի առարկա դարձնելը չի բխում Հայաստանի լավագույն շահից ու անվտանգությունից, և թերևս չի բխում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության խորացման հեռանկարից: Հայաստանի «պոլիգոնացումը», լինի դա ռազմական, թե նույնիսկ կոշտ քաղաքական տրամաբանությամբ, ավելի շուտ հղի է խորքային աղետի հեռանկարով, քան հայ-ամերիկյան գործակցության և ռազմավարական երկխոսության այնպիսի բովանդակությամբ և որակով, որը թույլ կտա նաև այն դարձնել ռեգիոնալ կայունության ու խաղաղության ուժեղ գործոն: Մյուս արձանագրումը այն է, որ այդ մոտեցումը թերևս պետք է ընդունելի լինի նաև ամերիկյան իսթեբլիշմենտում և քաղաքական խոհանոցում, եթե այնտեղ Հայաստանը դիտվում է «համտեսի» մասնակից, այլ ոչ թե «համտեսման» մատուցվելու ենթակա: Հայաստանում իր առաքելությանը հրաժեշտ տված դեսպան Թրեյսին հրապարակել էր հրաժեշտի բավականին տպավորիչ և դիտարժան հոլովակ, որտեղ ներկայացնում էր իր առաքելության շրջանակում Հայաստանի հանդեպ արտահայտված ամերիկյան քաղաքականությունը բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանն այդուհանդերձ դիտարկվում է որպես համտեսի մասնակից, ոչ թե առարկա: Ըստ այդմ, Հայաստանում եռամյա գործունեությունն ավարտած, ու այն ԱՄՆ համար անկասկած այլ բնույթի առաքելությամբ Հայաստանից ոչ հեռու շարունակող Լին Թրեյսին կարող է լինել դիվանագիտական-քաղաքական աշխատանքի գործընկեր նաև այդ նոր դիրքում, ըստ այդմ նա գոնե չպետք է դուրս մնա հայկական քաղաքականության ուշադրությունից: