
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Պեսկովը հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինը այցելել է «Հատուկ ռազմական գործողության» վայր, եղել հրամանատարական շտաբում, լսել զեկույցներ: Այլ կերպ ասած, Պուտինն այցելել է այն տարածք, որը միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ինչպես ինքը Պուտինն ասում էր Արցախի վերաբերյալ, պատկանում է Ուկրաինային: Թե հատկապես Հատուկ ռազմական գործողության ո՞ր գոտի է այցելել ՌԴ նախագահը, մանրամասն հայտնի չէ: Նրա այդ այցը տեղի է ունեցել Բելառուս կատարած պաշտոնական այցից առա՞ջ, թե՞ հետո, սա էլ հայտնի չէ:
Իսկ Բելառուս Պուտինն այցելել էր բավականին մեծ ու ներկայացուցչական ռազմա-քաղաքական պատվիրակությամբ: Դրան զուգահեռ եղավ տեղեկություն, որ Բելառուսում մարտական ծառայության են կանգնեցվել ՀՕՊ Ս-400 կայաններ և Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Միջազգային փորձագիտական դաշտում խոսվում է այն մասին, որ առաջիկա շաբաթներին հնարավոր է Բելառուսի ուղղությունից հարված Ուկրաինային, այդ թվում Կիևը գրոհելու փորձ: Ռուսաստանը հերքում է, թե կա Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու որևէ մտադրություն, իսկ ամերիկյան ու բրիտանական հետախուզությունները նշում են, որ չունեն այդպիսի մտադրության մասին վկայող տեղեկություններ: Սակայն, Ուկրաինայի զինուժի հրամանատարությունը խոսում է այդ մասին և ակնկալում, որ արևմտյան գործընկերները կմատակարարեն համարժեք զենքի:
Հնարավոր է, որ Կիևը փորձելով բարձրացնել վտանգի և նոր ու մասշտաբային հարվածի սպասում, ձգտում է այդ կերպ հավելյալ ազդեցություն գործել Արևմուտքի վրա և ստանալ զինատեսակներ ու սպառազինություն, որոնք Արևմուտքը չի մատակարարել մինչ այժմ, հայտարարելով, որ դա կարող է բերել ՌԴ հետ ուղիղ դիմակայության: Մինչդեռ, արևմտյան հեղինակավոր մամուլում արդեն իսկ հրապարակվում են տեղեկություններ, որ Կիևը կարող է ստանալ Պատրիոտ ՀՕՊ համակարգեր, նաև բրիտանական և ֆրանսիական ՀՕՊ կայաններ:
Միևնույն ժամանակ, առաջին անգամ՝ 2022-ի փետրվարից ի վեր, Ուկրաինայի նախագահ Զելենսկին թողնում է Ուկրաինան և մեկնում է Վաշինգտոն, որտեղ ըստ գնահատականների կփորձի համոզել ԱՄՆ կառավարությանն ու օրենսդիրներին մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: Այն, որ Զելենսկին պատերազմի անցնող տասը ամիսների ընթացքում առաջին անգամ թողնում է երկիրն ու մեկնում Վաշինգտոն, թերևս խոսում է այն մասին, որ սեղանին դրված են իսկապես ոչ «ընթացիկ» ու այս պատերազմի համար «սովորական դարձած» խնդիրներ: Դրա մասին է վկայում և այն, որ Զելենսկին մեկնում է Վաշինգտոն, իսկ Կրեմլը խոստովանում է, որ Պուտինն էլ առաջին անգամ եղել է պատերազմի գոտում: Սա թերևս վկայում է, որ ուկրաինական պատերազմական թատերաբեմում իսկապես մոտենում է մի նոր «եզրագիծ», որից այն կողմ պատերազմի նոր և թերևս առավել ինտենսիվ շրջափուլ է: Ընդ որում, թերևս դրա մասին է խոսում և այն, որ վերջին օրերին դարձյալ բավականին հաճախակիացել են միջուկային մարտավարական սպառազինության կիրառման հավանականության, ռիսկի մասին խոսակցությունները: Իհարկե հնարավոր է, որ տեղեկատվա-քարոզչական մակարդակում ինտենսիվացնելով իրադրության լարման նոր փուլի սպասումը, դերակատարները փորձում են մոտեցնել քաղաքական-դիվանագիտական փուլի հեռանկար:
Մյուս կողմից, բարդ է պատկերացնել, որ պատերազմի ներկայիս պայմաններում այն իրատեսական է: Քաղաքական փուլը թերևս աներկբա պահանջելու է որևէ ուղղությամբ ռազմական կտրուկ բեկում, այնպիսի իրադարձություն, որն արդեն իր ուժով ու տրամաբանությամբ կլինի քաղաքական-դիվանագիտական անցում պարտադրող: Հանգամանքը, որ այդ իրադարձությունները մեղմ ասած ոչ միայն հեռու չեն Կովկասից, Հայաստանից ու Արցախից, այլևս անմիջականորեն ազդում են ռեգիոնալ իրավիճակի վրա, բոլորովին նորություն չէ: Ուկրաինական պատերազմում որևէ տրանսֆորմացիայի հեռանկար անմիջականորեն բարձրացնում է Կովկասում համանման զարգացումների հավանականությունը և այդ իմաստով Հայաստանն ու Արցախը պետք է լինեն պատրաստ, աշխատելով, որպեսզի Կովկասում հնարավոր ազդեցությունը չունենա ռազմական էսկալացիայի տեսք: Այդ առումով, պետք է թերևս բոլոր հնարավոր ուղղություններով առավելագույն շեշտադրումն արվի Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում մարդասիրական ճգնաժամի բաղադրիչի վրա, ինչի որոշակի հիմք ձևավորվեց նաև ՄԱԿ ԱԽ քննարկման շնորհիվ: