
Անհրաժեշտության դեպքում Իսրայելը պետք է հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, օրերս հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքում վարչապետի պաշտոնին վերադարձած Բենիամին Նաթանյահուն: Արդեն մի քանի ամիս տարբեր աղբյուրներ խոսում են այն մասին, որ Թեհրանն ընդհուպ մոտեցել է միջուկային զենք ունենալու իրողությանը: Միջուկային սպառազինոււթյուն տնօրինող Իրանը անկասկած ոչ միայն Իսրայելի համար է խնդիր, այլ թերևս նաև թե մերձավորարևելյան, թե Ծոցի ռեգիոնների այն երկրների, որոնք ունեն քաղաքական աճող հավակնություններ, բայց չունեն միջուկային զենք:
Եվ կասկած չկա, որ Իրանի միջուկային տերություն դառնալու պարագայում միջուկային զենք ունենալու «լեգիտիմ իրավունքի» հարցը միջազգային քաղաքականության օրակարգում դնելու են նաև մյուս երկրները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, հնարավոր է անգամ Միացյալ Արաբական Էմիրություններն ու Կատարը: Սա արդեն Իսրայելի համար վտանգի և մարտահրավերի նոր շերտ է, որովհետև այդ պարագայում Թել Ավիվը կորցնելու է իր միջուկային դոմինանտությունը ռեգիոնի ըստ էության բոլոր առանցքային երկրնեիի վրա և այդ կերպ էապես կորցնելու է իր քաղաքական ազդեցությունը:
Այլ կերպ ասած, միջուկային Իրանը թերևս դառնալու է մերձավորարևելյան մեծ ռեգիոնի անվտանգության և ռազմա-քաղաքական ու դրա հետևանքով նաև տնտեսական հարաբերությունների ճարտարապետության հեղափոխական փոփոխության սկիզբ: Ահա, թե գործնականում ինչ գին կամ նշանակություն ունի Իրանի միջուկային զենքի հեռանկարը, ըստ այդմ, թե ինչպիսի նշանակություն ունի իրանյան խնդիր ասվածը, որը անկասկած ներկայումս Կովկասի շուրջ գերաշխուժացած դիվանագիտական-քաղաքական շարժերի հիմնական գեներատորն է: Ու այս տրամաբանությամբ է նաև ձևավորվում միջազգային քաղաքական մոտեցումը Բաքվի հանդեպ, որը մի կողմում դիտվում է որպես ռուս-իրանական դաշնակցության հաղորդուղի, եթե ոչ «կամուրջ», մյուս կողմում դիտվում է այդ դաշնակցությանը հարվածի սեպերից մեկը:
Երևանն ու Ստեփանակերտն ունեն ահա այդ բարդ «խաչմերուկում» երթևեկության տակ չհայտնվելու խնդիր, ու այդ համատեքստում գործնականում պարզունակ, ըստ էության ծիծաղելի, սակայն խորքային առումով վտանգավոր են հասարակական-քաղաքական կյանքը պարուրած պնդումները այն մասին, թե խնդիրների լուծումը բացառապես Ռուսաստանի կամ բացառապես Արևմուտքի հետ գործակցության դաշտում է: Ավելին, Հայաստանն ու Արցախն այսօր չունեն այդ մասշտաբի խնդիրների լուծում, այլ ունեն իրավիճակը կառավարելու և երթևեկության տակ չհայտնվելու խնդիր, ինչի կառավարումը պահանջում է առավելագույն ինտենսիվ աշխատանք թե Ռուսաստանի, թե Արևմուտքի, թե նաև մի շարք այլ ուղղություններով: