
Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցը փուլային տեղաշարժերով լուծում կստանա: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը», – ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, հումանիտար խնդիրների լուծումը: