2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը և դրանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերը հետաքննող Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը հրապարակել է մեկուկես տարի տևած հետաքննության վերջնական հաշվետվությունը:
Հանձնաժողովը խորհորդ է տալիս արգելել Թրամփին ևս մեկ անգամ նախագահի պաշտոն զբաղեցնել: Այս մասին հաղորդում է CNN-ին: Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփին նախագահի պաշտոնը զբաղեցնելու արգելքից բացի, զեկույցում տրվում են ևս 10 հանձնարարականներ: Հանձնաժողովի պատրաստած 845-էջանոց հաշվետվությունը հիմնված է վկաների հազարից ավելի հարցազրույցների , հավաքված փաստաթղթերի, այդ թվում՝ էլեկտրոնային նամակների, տեքստային հաղորդագրությունների, հեռախոսային ձայնագրությունների և մեկ ու կես տարվա հետաքննության վրա:
Հանձնաժողովը Արդարադատության նախարարությանը հայտնել է, որ Թրամփի դեմ կարելի է ներկայացնել առնվազն 4 քրեական մեղադրանք: Forbes-ը նշում է, որ հանձնաժողովի հանձնարարականները իրավական բնույթ չեն կրում, և Արդարադատության նախարարությունը պետք է որոշի՝ արդյոք մեղադրանք առաջադրել Թրամփին թե ոչ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ըստ զեկույցի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «որոշել է փորձել մնալ պաշտոնում բազմաբաղադրիչ սխեմայի միջոցով, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և արգելափակել իշխանության հանձնումը:
Առկա վկայությունները մեզ տանում են համոզիչ և միանշանակ եզրակացության՝ հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը եղել է մեկ մարդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետևել են շատերը։ Առանց նրա տեղի չէին ունենա հունվարի 6-ի իրադարձությունները»:
Զեկույցում նաև նշվում է, որ կարևոր նահանգներում ընտրությունների արդյունքները փոխելու համար Թրամփը և նրա մերձավորները թիրախավորել են պետական պաշտոնյաների. կատարվել է նման առնվազն 200 փորձ: Հիշեցենք՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։