
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։
Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր:
Անդրադարձ է կատարվել ևս մեկ փոփոխությանը, որով թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր: Ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր ու առաջարկներ, որոնք նկատի կառնվեն հետագա քննարկումների ընթացքում: