ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
«Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան երթևեկել, և բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»,- ընդգծեց Արշակյանը:
Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, բացի հայտարարություն անելուց, ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կիրառել:
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»,- ավելացրեց Արշակյանը: