
ԱԱԾ-ն հանգամանքների բերումով թերևս հիմա և վերջին տարիներին ավելի ծանրաբեռնված է աշխատել, քան գուցե սովորաբար, որովհետև շատ գործառույթներ, որոնք այնքան էլ հատուկ չեն Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, մենք վերապահել ենք հենց ծառայությանը։ Այս մասին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով կրկնակի գնահատելի է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում։ Բայց, մյուս կողմից, նաև պիտի արձանագրենք, որ քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած, մեր աշխատանքը բավարար չափով արդյունավետ համարել չենք կարող։ Որովհետև իսկապես մենք առերեսվում ենք ոչ սովորական մարտահրավերների, և իմ ընկալումն այն է, որ հենց արտաքին մարտահրավերների և անվտանգային բոլոր մարտահրավերների դիմակայման առումով մենք պիտի Ազգային անվտանգության ծառայության արդյունավետությունը մեծացնենք։
Բայց, մյուս կողմից, մենք այս ընթացքում նաև հասել ենք աննախադեպ արդյունքների, որոնք այդքան էլ ուրախալի արդյունքներ չեն։ Մասնավորապես, հակահետախուզության ոլորտում այն ձեռքբերումները, որոնք, ցավոք, չակերտավոր ձեռքբերում կարող ենք համարել։ Դրանք չափազանց կարևոր են մի քանի առումով՝ նախ, մենք արդյունավետ կարծես իրականացնում ենք այս գործառույթը, և երկրորդ՝ դա սառը ցնցուղի դեր է կատարում բոլորիս համար, որովհետև այդ ազդակները մեզ հուշում են, որ մենք չպիտի թուլացնենք մեր զգոնությունը, որովհետև առօրյա պայմաններում ասենք ո՞վ կմտածի, որ ՀՀ Զինված ուժերի սպան կարող է, օրինակ, լրտեսական գործունեություն ծավալել ի նպաստ օտար պետությունների և, մասնավորապես, հայտնի հանգամանքների ֆոնին՝ Ադրբեջանի օգտին։ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրողությունները կան, և դրանցից մենք պետք է շատ կոնկրետ հետևություններ անենք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հետևություններից մեկը նաև պետք է լինի այն, որ պետք է ավելի արդյունավետ դառնալ, որովհետև տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում Հայաստանի՝ մեր պետության ու անվտանգության դեմ գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են սրվում։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում մեր հակառակորդների, մեր երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալողների համար, և այս առումով, իհարկե, պետք է որոշակի հետևություններ անել։
«Ո՞րն է, օրինակ, Կառավարության և անձամբ իմ հետևությունն այս համատեքստում՝ այն է, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը պետք է օգնենք ավելի ու ավելի շատ կենտրոնանալ 3 հիմնական գործառույթների վրա․ առաջինը՝ հակահետախուզությունը, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանության գործառույթը։ Եվ այս առումով մենք պիտի ամեն ինչ անենք՝ Ազգային անվտանգության ծառայության կարողություններն ուժեղացնելու համար»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ ակնկալիքներն Ազգային անվտանգության ծառայության ծառայողներից ավելանալու են:
«Ավելանալու են հետևյալ տրամաբանությամբ, որ, ինչպես արդեն նշեցի, ցավոք, մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում, և մենք ծառայության և յուրաքանչյուր ծառայողի անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների զարգացման խթաններ չստեղծելով՝ չենք կարող հասցեագրել այդ մարտահրավերները: Ընդ որում, ես ուզում եմ, որ այս ասելիքի մեջ ոչ մի նսեմացնող երանգ չդիտարկվի, որովհետև, ինչպես արդեն ասացի, աշխարհը շատ արագ է փոխվում, մարտահրավերները շատ արագ են փոխվում, ահաբեկչական, լրտեսական ցանցերը և այլ պետության անվտանգությանը սպառնացող ցանցերը շատ արագ են փոխվում, իրենք սովորելու, նոր տեխնոլոգիաները կիրառելու, նոր մեթոդներ որդեգրելու ոչ մի կոմպլեքս չունեն: Եվ հետևաբար, առավել ևս, այդ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված մարմինը նույնպես որևէ կոմպլեքս այս առումով չի ունենալու, և, այո՛, մենք բոլորս՝ սկսած ինձնից, վերջացրած պետական, և ոչ միայն պետական համակարգի բոլոր աշխատողներով, չպետք է ամոթ համարեն որևէ նոր գիտելիք ստանալու ձգտումը, նոր տեխնոլոգիաների, նոր հմտությունների, նոր մեթոդների, նոր մտածողության որդեգրումը՝ առանցքում ունենալով ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության և անվտանգության ապահովումը»,- ասել է վարչապետը:
Վարչապետը շեշտել է, որ այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է այս նոր իրավիճակում այդ նոր գործառույթները ստանձնի՝ Հայաստանին սպառնացող հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու համար:
«Մենք պիտի պրոցեսները փորձենք զարգացնել այնպես, որ մեր երկրի ճակատագրի հետ կապված հարցերի հսկիչ փաթեթն, ի վերջո, հայտնվի մեր ձեռքում, և սա է Ազգային անվտանգության ծառայության այդ թվում հիմնական գործառույթներից մեկը»,- ասել է Փաշինյանը: