ՄԱԿ ԱԽ-ից որևէ մեծ ակնկալիք ունենալ պետք չէ, հուսանք հումանիտար հարցում կլինի կոնսենսուս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանի խոսքով` Ռուսաստանի հետ խնդիրներ կան և խորացած խնդիրներ. «Ռուսաստանը անի կոչ, թե ոչ, ինչ կփոխվի. մեզ անհրաժեշտ են քայլեր, որոնք կստիպեն Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Որպես նոյեմբերի 9-ի մանդատի տեր` պահանջ և ակնկալիք ունենք ՌԴ-ից, որը չի աշխատում: Հասցեական կոչեր տեսնում ենք շատ տեղերից, բայց չենք տեսնում գործողություններ: Կոչերը Բաքվում չեն արժանանում համարժեք վերաբերմունքի, չեն հանգեցնում իրավիճակի հանգուցալուծման: Հայաստանը որքան էլ կարևոր է շատերի համար, Ադրբեջանը շատ այլ գործոններով պակաս կարևոր չէ: Ադրբեջանը օգտվելով ՌԴ-Արևմուտք հակամարտությունից` խաղում է: Պետք է ինքնախարազանման դաշտից դուրս գալ. Ձևակերպենք մեր քաղաքական մոտեցումներ»: