
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի «Մեծ առու» ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, կշարունակվեն եւ ավարտի կհասցվեն 2023 թվականի ընթացքում։
Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, ՀՀ կառավարության եւ «Եվրասիական զարգացման բանկի» համագործակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման եւ բարելավման ծրագրի» շրջանակներում առաջին փուլում հատկացված 300 միլիոն դրամի հաշվին 2021-2022 թվականների ընթացքում պոլիէթիլենային եւ երկաթյա փակ խողովակաշարով հիմնանորոգվել է 3 կիլոմետրանոց հատվածը, կառուցվել է նաեւ գլխամասային ջրընդունիչ հանգույցը։ 2023 թվականին նախատեսվում է եւս 5 կիլոմետր երկարության պոլիէթիլենային փակ խողովակաշարի կառուցում, որի ավարտից հետո արդեն ոռոգման ջուրը տնտեսություններին կհասնի անկորուստ եւ ժամանակին, ոռոգվող հողատեսքերը կավելանան շուրջ 100 հեկտարով։ Ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 310 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի ապրիլ կամ մայիս ամիսների ընթացքում, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում։
«Ծովինարի «Մեծ առու» ջրանցքը, ավելի քան 8 կիլոմետր երկարությամբ, որոշ մասերում ուներ հողե, որոշ մասերում էլ բետոնապատ հուն, որը գրեթե ամբողջությամբ քայքայվել էր, իսկ մատակարարվող ջրի կորուստները կազմում էին մինչեւ 70 տոկոս։ Գլխամասում առկա 80 լիտր վայրկյան հզորության ջուրը տեղ էր հասնում հազիվ 20 լիտր վայրկյանի չափով, այն բաժանորդներին մատակարարվում էր ուշացումով ու դժվարություններով։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո մենք գլխամասում արդեն կապահովենք 162 լիտր վայրկյան հզորության ջրամատակարարում, որը տեղ կհասնի նույն չափով, շատ արագ եւ առանց կորուստների։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինարարությունը կարող է ավարտվել մինչեւ ոռոգման նոր շրջանի մեկնարկը։ Ծովինարի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի արդիականացումը մեծապես կխթանի գյուղմթերքների արտադրության ծավալների աճին, բնակչության եկամուտների ավելացմանը»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։